Անպտղությունը կանանց շրջանում ամենատարածված խնդիրներից է մեր օրերում: Ձեռքբերովի անպտղության դեպքերը շատանում են, եւ դրանից ապահովագրված չէ ոչ մի կին: Հատկապես ի՞նչը կարող է հանգեցնել ձեռքբերովի անպտղության, ինչպե՞ս պաշտպանված լինել:
LN-ի հարցերին պատասխանել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Հարությունյանը. «Իսկապես մեր հասարակության համար ձեռքբերովի անպտղությունը դարձել է մեծ խնդիր, քանի որ հիմնականում շատ տարածված են դարձել սեռավարակները:
Հատկապես սեռավարակները մեծ դեր են խաղում անպտղության հարցում: Խորհուրդ է տրվում, որ զույգերը մինչև ամուսնանալն անցնեն հետազոտություն: Ընդունված է, որ հիմնականում կանանց են մեղադրում այդ հարցում, մոռանալով, որ անպտղություն կարող է հայտնաբերվել զույգերից յուրաքանչյուրի մոտ էլ: Սեռավարակների դեպքում օրգանների որոշակի փոփոխություն է տեղի ունենում: Ամենատարածվածն է արգանդափողերի խցանումը, որն էլ հանգեցնում է չբերության:
Ամենատարածված խնդիրը սա է: Երիտասարդները պետք է անպայման ժամանակին լինեն սեքսապաթոլոգի, գինեկոլոգի մոտ, և այս հարցերը կարգավորեն մինչև ամուսնանալը, և ոչ թե ամուսնությունից հետո, երբ նրանց մոտ խնդիրը ավելի է բարդանում: Կանայք պետք է իմանան, որ անպտղությունը կարող է առաջանալ նաև արհեստական վիժումներից, հատկապես եթե դա արվում է գործիքային տարբերակով: Նրանք պետք է իրենց զերծ պահեն աբորտներից: Նյարդային, հոգեկան վիճակներն էլ շատ են ազդում: Պետք է հանգիստ ապրել և նյարդային վիճակներից հնարավորինս զերծ մնալ»:
Հայտնի է, որ չինացի աղջիկների համար կարճ գոտկատեղով տաբատները ծառայել են որպես անցանկալի հղիությունը կանխելու միջոց: Հետագայում դրանք նորաձեւ դարձան եւ լայն տարածում գտան նաև Հայաստանում: Եվ չի բացառվում, որ կարճ գոտկատեղով տաբատները եւս վերջին տարիներին անպտղության դեպքերի շատցաման պատճառ դարձան: Ի վերջո, ինչպե՞ս խուսափել ձեռքբերովի անպտղությունից:
«Ճիշտ է, վերջին տարիներին հայ կանայք և աղջիկները կարճ գոտկատեղով տաբատներ շատ են հագնում, և միգուցե դա էլ կարող է նպաստել անպտղությանը, սակայն այդ հարցին շատ ուշադրություն երբեք չենք դարձրել,- ասաց Արմինե Հարությունյանը:- Ներկայում մենք անպտղությունը համարում ենք 12 ամսում չհղիանալը: Անպտղությունը կկանխվի, եթե երիտասարդները լինեն շատ ինֆորմացված, հատկապես անձնական հիգիենայի մասին: Այդ հարցը պետք է շատ պրոպագանդվի: Կանայք և աղջիկները պետք է շատ ուշադիր լինեն իրենց սեռական օրգանների հիգիենայի հարցում: Որևէ խնդրի դեպքում պետք է դիմեն գինեկոլոգի: Ճիշտ է, շատերը, ֆինանսական խնդիրներից ելնելով չեն դիմում գինեկոլոգի, չեն հետազոտվում'մտածելով ծառայությունների արժեքի մասին: Սակայն ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր կին, ով կցագրվում է որևէ պոլիկլինիկայում, կարող է տարվա մեջ մեկ անգամ անվճար հետազոտվել: Գոնե այդ մեկ անգամը նրանք պետք է հետազոտվեն, որպեսզի խնդրի առկայության դեպքում այն շուտ հայտնաբերվի և կանխվի: Իսկ եթե անտեսվի, յուրաքանչյուր մանրուք կդառնա մեծ խնդիր և կկանգնեցնի փաստի առջև: Նման դեպքում բուժումը կդառնա երկար և ծախսատար գործընթաց»: