«Armcomedy» հաղորդաշարի վարողներ Նարեկ Մարգարյանն եւ Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվել են ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի տաղավարում: Շոուի ընթացքում նրանք օգնել են հաղորդավար Քոնան օ'Բրայանին համալրել Հայաստանում եղած ժամանակ ձեռք բերած հայկական բառապաշարն այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «քոռանամ ես» (May I go blind instead of you), «բոյիդ մեռնեմ» ( May I die for your height): Տղաները բացատրում են, որ երբ ինչ-որ մեկի հետ վատ բան է պատահում, եւ մարդիկ ցավում են դրա համար, նրանք ասում են՝ May I go blind instead of you, այսինքն՝ վայ, քոռանամ ես:
Ներկայացված արտահայտությունների ցանկում են օրինակ՝ «մեռնեմ ջանիդ» (I die on your body), «գլուխս մի արդուկիր» (stop ironing my head): Քոնանը հենց տաղավարում յուրացնում ու շատ տեղին կիրառում է տղաների սովորեցրած արտահայտությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոնանը նշում է, որ նման արտահայտությունները բավականին տարօրինակ են հնչում, իսկ Սերգեյը նրան խորհուրդ է տալիս ճիշտ տոնայնությամբ դրանք հնչեցնել:
Հրապարակվել է հաղորդման միայն մի մասը, մյուս մասը համացանցում կհայտնվի ավելի ուշ:
Երբ Քոնան օ'Բրայանը Հայաստանում էր՝ 2015թ. հոկտեմբերին, նա էլ հյուրընկալվել էր «Armcomedy»-ի տաղավարում: