Հայտնի է, որ մեծ ու հյութեղ շուրթերն անսահաման սեքսուալ են: Հենց սեքսուալության ձգտումն է դրդում շատ աղջիկների դիմել պլաստիկ վիրաբույժի` շուրթերի ծավալն ու ձևը փոխելու նպատակով:
Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում վիրահատարան մտնել, չի նշանակում, որ հնարավոր չէ վիզուալ մեծ ցույց տալ նաև Ձեր շուրթերը: Այսօր կառաջարկենք մեթոդներ, որոնց շնորհիվ Ձեր շուրթերը կդառնան ավելի հյութեղ ու գեղեցիկ:
Մշտապես պետք է հիշել մի բան. շուրթերի մաշկը մի քանի անգամ ավելի նուրբ է ու զգայուն, քան, օրինակ, դեմքի մաշկը, և դրա նկատմամբ պետք է առանձնահատուկ ուշադրություն: Ազատվեք շուրթերը կրծելու վատ սովորությունից, հակառակ դեպքում շատ շուտով շուրթերի վրա անհարթություններ կառաջացնեք, որոց պատճառով ոչ միայն շրթներկը գեղեցիկ չի քսվի, այլև շուրթերը կսկսեն ջրազրկվել, մինչդեռ հենց մաշկի տակի ջուրն է հյութեղ տեսք հաղորդում շուրթերին:
Երբեք մի մոռացեք փափկեցնել, սնուցել շուրթերի մաշկը: Նկատի ունեցեք` ճիշտ այնպես, ինչպես դիմակներ եք պատրաստում դեմքի համար, հարկ է պատրաստել նաև շուրթերի համար, քանի որ միայն այդպես նրանք մշտապես գեղեցիկ կլինեն:
Իբրև սնուցող դիմակ կարող եք պարզապես քնելուց առաջ շուրթերին մեղր քսել: Մի քանի նման գիշեր, ու Դուք կնկատեք, որ շուրթերը դարձել են մետաքսի պես փափուկ: Կարող եք պատրաստել նաև յուղոտ կաթնաշոռով ու սերուցքով դիմակ: Պարզապես լավ խառնեք այդ երկու բաղադրիչներն ու ստացված զանգվածը քսեք շուրթերին` թողնելով 10-15 րոպե:
Շուրթերի մաշկին փայլ ու անհրաժեշտ խոնավություն կհաղորդի թթվասերի դիմակը: Թթվասերին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնահյութ ու կարագ: Այս դիմակը ևս չի կարելի 15 րոպեից ավել պահել շուրթերին:
Ամեն անգամ ատամները լվանալուց հետո ատամի խոզանակով լավ մաքրեք նաև շուրթերը: Այդպիսով դուք կհեռացնեք շուրթերի մաշկի մահացած բջիջները, ինչպես նաև կլավացնեք արյան շրջանառությունն այդ հատվածում:
Դե իսկ շուրթերը վիզուալ մեծացնել կարելի է հասարակ կոսմետիկ միջոցների օգնությամբ: Շուրթերի գույնին համապատասխան մատիտով կարող եք թեթև եզրագծել շուրթերը, բայց ուշադիր եղեք, որ չկորցնեք չափի զգացողությունը: Մատիտով շուրթերը մեծացնել կարելի է 1-2 մմ` ոչ ավել:
Իսկ այս խորամանկությունը Հոլիվուդից է: Հոլիվուդյան մի շարք աստղեր շուրթերը մեծ ցույց տալու համար վերևի շուրթի եզրագծից մի քիչ ներքև սպիտակ մատիտով եզրագիծ են անցկացնում, մատով աննշան տարածում այդ սպիտակությունը, ապա շուրթերին քսում տոնային կրեմ և վերջում օգտագործում որևէ բաց գույնի շրթներկ:
Շուրթերը վիզուալ մեծացնում է նաև տարբեր տոների ու գույների շրթներկների կիրառությունը: Եվ այսպես, շուրթերի անկյուններն ու ներքևի շուրթի եզրագիծը ավելի մուգ գույնով ներկեք, իսկ շուրթերի միջին հատվածը` ավելի բաց: Այդպես դուք կստանաք մեծ շուրթերի էֆֆեկտ: