Դերասանուհի Անի Երանյանը Bravo.am կայքին բացառիկ հարցազրույց է տվել։ Ներկայացնում ենք  հատված զրույցից։

 

 

 Անի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին: 40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում: Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:):

 
Անի Երանյանը
 


«Մտածում են` հղի եմ»

 

 

Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին` «Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին` «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ: 

 

Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էր` արդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը` «Հորս արեւ»:

 

Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր` «Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: Ամենավատն այն է, որ շատերը միայն վերնագիրն են կարդում, ու մարդիկ կան, որ այսօր էլ երեւի մտածում են` հղի եմ:

 

«Երբ պապիկս մահացավ…»

 

Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ: Իրավունք էլ չունեմ թույլ լինել, ժամանակ չկա դրա համար, իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում. լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս: Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբեւիցե դրանց պատճառով չեմ արտասվել:

 

26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ: Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը: Բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք: Այդ տարիքից սկսեցի աշխատել ու ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս: Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են: Բայց ես կարող եմ հստակ եւ բաց ճակատով ասել, որ երբեւիցե որեւէ մեկն ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում, ծրագրում նկարահանվելու համար: Չկա մեկը, առավել եւս` տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել: 

 

«Կինը հրաշքներ է գործում»

 

Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է, ինչպես եւ տղամարդու իդեալը՝ հայրս: Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ: Կին լինելն արդեն տեսակ է: Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում՝ «Для того чтобы понять женщину, нужно ею быть»: Իսկապես, կինը հրաշքներ է գործում. մարդ է ձեւավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը՝ կոչվել մայր: Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար: Չէ՞ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքն առանց կնոջ: Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, նորաղամիտ, տիրապետում է մանիպուլիացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձեւով հասնում է իր ուզածին, չէ՞ որ դա շատ կարեւոր է: Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ, եւ դեռ կլինեն:

 

 
Անի Երանյանը
 


«Եթե սխալվել եմ»

 

 

Միշտ պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե սխալվել եմ: Իհարկե, եղել են նման դեպքեր: Ցավացնել մարդուն եւ ներողություն չխնդրել, նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել: Ես, միանշանակ, ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում: Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ: Լինում են դեպքեր, որ ներելուց հետո, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, այդ մարդը մեկընդմիշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս: Չնայած` ինչ ներելու մասին է խոսքը. եթե Աստված մեզ ամեն օր է ներում, ո՞վ ենք մենք, որ միմյանց չներենք:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։