Այս լուսանկարի հեղինակը ֆրանսիացի Ալբերտ Կանն է, ով այն արել է 1913 թվականի հուլիսին: Կանը միլիոնատեր էր, ով առաջինն օգտագործեց Լումիեր եղբայրների հայտնագործած լուսանկարչական նոր մեթոդը: Տարբեր երկրներ ճամփորդելիս նա այցելեց նաև Մոնղոլիա, ուր լուսանկարեց մի կնոջ, ով դատապարված էր դանդաղ մահվան. նրան փակել էին փայտե արկղի մեջ ու նետել մի հեռավոր անապատ: Արկղի կողքին դրված ամաններն ի սկզբանե լի էին ջրով, սակայն միտումնավոր չէր այդպես արվել, քանի որ հսկիչները հազվադեպ ու շատ քիչ քանակությամբ էին ջուր ու ուտելիք տալիս նրանց: Լուսանկարիչ Ալբերտ Կանը չէր կարող ոչինչ անել ու ստիպված էր կնոջը թողնել արկղի մեջ, քանի որ օրենքին դեմ էր խառնվել այլ երկրի արդարադատության գործերին:
Լուսանկարը National Geographic-ի էջում առաջին անգամ հրապարակվել է 1922 թվականին՝ «Մոնղոլ բանտարկյալն արկղի մեջ» մեկնաբանությամբ: Խմբագիրները հաստատում էին, որ Մոնղոլիայում մարդկանց մահվան դատապարտում են սովամահ անելու եղանակով, սակայն ոմանց մոտ կասկածներ առաջացան, քանի որ լուսանկարի իսկության հարցը կարող էր վիճելի լինել տարբեր կողմերի համար:
Immurement-ը (լատիներենից թարգմանաբար՝ «պատերի ներսում») ցմահ ազատազրկման ձև է, երբ անձին տեղադրում են փակ տարածության մեջ, որտեղից ոչ մի ելք չկա դեպի դուրս: Այս պատժամիջոցը Մոնղոլիայում տարածված էր մինչ 20-րդ դարի սկզբները: Սովորաբար մարդու կենդանի մարմինը բռնի ուժով դնում էին որևէ արկղի, օրինակ՝ դագաղի մեջ: Երբ այս պատժամիջոցն օգտագործում էին որպես մահապատիժ, դատապարտյալին թողնում էին արկղի մեջ առանց ուտելիք կամ ջուր տրամադրելու, ինչն էլ ջրազրկման և սովի պատճառով հանգեցնում էր մահվան:
Իրականում, արկղում հայտնված բոլորը չէ, որ դատապարտված էին սովամահ լինելու: 1914 թվականին ֆրանսիական թերթերից մեկում հրապարակված հոդվածում նշվում է. «Հեռավոր Արևելքում գտնվող այդ երկրում կան բազմաթիվ չինացի բանտարկյալներ, ովքեր գտնվում են մետաղյա դագաղների մեջ: Նրանք չեն կարող նստել կամ պառկել: Այդ բանտարկյալներն արևի լույսը տեսնում են միայն օրը մեկ անգամ՝ ընդամենը մի քանի րոպեով, երբ արկղի վրայի նեղ անցքից շպրտում են իրենց հասանելիք ուտելիքը»: