Այս լուսանկարն արվել է 1936 թվականին Գերմանիայում, մի հանրահավաքի ժամանակ, որին ներկա էր անձամբ Ադոլֆ Հիտլերը: Մինչ մյուսներն, ի նշան իրենց նվիրվածության, ձեռքերը վեր պարզած ողջունում են Նացիստական կուսակցության առաջնորդին, նկարում պատկերված այս տղամարդը կանգնել է ձեռքերը խաչած՝ հրաժարվելով պատվել Հիտլերին:
Ավգուստ Լանդմեսսերը որոշել էր այս կերպ ցույց տալ իր անհամաձայնությունը նացիստական գաղափարախոսությանը: Այս նկարն ու Լանդմեսսերի մարտահրավերն այնքան յուրօրինակ է դարձնում այն հանգամանքը, որ նկարում պատկերված է մեկ մարդու ըմբոստությունն ու անհամաձայնությունն ընդդեմ բոլորի: Լանդմեսսերի ըմբոստության հիմքում, ինչպես շատ այլ ողբերգական պատմությունների դեպքում, ընկած է սիրո պատմություն:
1931 թվականին Ավգուստը դառնում է Նացիստական կուսակցության անդամ՝ կարծելով, որ լավ կապերը կօգնեն իրեն մի շահութաբեր գործ հիմնել: Այդ ժամանակ նա դեռ գլխի էլ չէր ընկնում, թե այս միության վարած քաղաքականությունն ինչ քայքայիչ ազդեցություն էր ունենալու իր վրա: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ 1934 թվականին Լանդմեսսերը հանդիպում է Իրմա Էքլեր անունով մի հրեա կնոջ, ով դառնում է իր կյանքի մեծագույն սերը: Մեկ տարի անց նրանց նշանադրությունը պատճառ դարձավ, որ Ավգուստին հեռացնեն կուսակցությունից, իսկ նրանց ամուսնության գրանցման դիմումը ռասայական խտրականությունն ամրագրող Նուրեմբուրգյան օրենքների ուժով մերժվեց:
Նույն տարվա հոկտեմբերին ծնվեց Ավգուստի ու Իրմայի առաջնեկը՝ Ինգրիդը, իսկ երկու տարի անց՝ 1937-ին, ընտանիքը Դանիա փախչելու անհաջող փորձ կատարեց. նրանց բռնեցին հենց սահմանին: Ավգուստին ձերբակալեցին ու առաջադրեցին մի մեղադրանք, որի անունը դրեցին «անարգանք ազգային պատկանելությանը»: Ավգուստը փորձեց արդարանալ՝ ասելով, որ ո´չ ինքը, ո´չ էլ կինը չեն իմացել նրա հրեական արմատների մասին: 1938 թվականի մայիսի 27-ին բավարար ապացույցներ չլինելու պատճառով նրան ազատ արձակեցին՝ զգուշացնելով, որ երկրորդ անգամ նա չի խուսափի մի քանի տարվա ազատազրկումից:
Սակայն նույնիսկ այդ սպառնալիքները չէին կարող բաժանել այս զույգի ամուր միությունը: Նրանք շարունակում էին իրենց հարաբերություններն ու չէին փորձում թաքցնել դրանք: Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց. ընդամենը մեկ ամիս անց Ավգուստը կրկին ձերբակալվեց ու դատապարտվեց ծանր աշխատանքի համակենտրոնացման ճամբարներից մեկում: Նա այլևս երբեք չէր տեսնելու իր սիրելի կնոջն ու դստերը: Էքլերը ձերբակալվեց Գեստապոյի կողմից ու ուղարկվեց Ֆուլսբյութելի բանտ, որտեղ էլ ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Իռենը:
Երեխային անմիջապես ուղարկեցին մանկատուն, իսկ Ինգրիդին մի փոքր ավելի ուշ թույլատրեցին ապրել մորական տատի հետ: 1941-ին Իռենին ուղարկեցին ապրելու խնամակալ ծնողների տանը: Ավելի ուշ՝ 1953-ին՝ տատի մահվանից հետո, Ինգրիդին ևս հանձնեցին խնամակալ ծնողների խնամքին: Իրմա Էքլերը երբեմն գրում էր երեխաներին մինչ 1942 թվականի հունվարը: Ենթադրվում է, որ 1942-ի փետրվարին Բեռնբուրգի Էվթանազիայի կենտրոն տեղափոխված ու սպանված 14.000 մարդկանց թվում էր նաև Էքլերը: 1949 թվականին հետպատերազմական փաստաթղթերով նրան պաշտոնապես մահացած ճանաչեցին:
Ավգուստը պետք է ազատ արձակվեր 1941-ին ու սկսեր աշխատել որպես ցեխի պետ:
Երկու տարի անց, երբ որոշ հանգամանքների ազդեցության տակ գերմանական բանակը գնալով կորցնում էր իր հեղինակությունը, Լանդմեսսերին՝ որպես հեծելազորի անդամ, հազարավոր տղամարդկանց հետ ուղարկեցին Խորվաթիա, որտեղ էլ, ըստ երևույթին, նա մահացել է: Նրա մահվան փաստը ճանաչեցին նորից 1949 թվականին: