Հավանաբար նկատել եք, որ երբեմն մեր գլխում միտք է պտտվում՝ «Այս աղջկա անունը հաստատ Սյուզան է» կամ «Նա ընդհանրապես նման չէ Բոբ անունով մարդու»:
Վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ մարդիկ իսկապես «նման են» իրենց անուններին, հատկապես՝ Վերոնիկա կամ Թոմ անունով մարդիկ:
Ուսումնասիրության արդյունքում փորձագետները պարզեցին, որ մարդիկ սպասվածից շատ ավելի հաճախ են կարողանում ճիշտ գուշակել անծանոթների անուններն՝ ըստ վերջիններիս դիմագծերի:
Իսրայելում և Ֆրանսիայում կատարած հետազոտություններին մասնակցեցին 185 անձինք, ում ցույց էին տալիս անծանոթ մարդկանց 25 դիմանկար՝ հարցնելով, թե նշված 4 տարբերակներից ո՞ր անունն է յուրաքանչյուրին ամենաշատը սազում:
Յուրաքանչյուր մասնակցի ճիշտ գուշակելու հավանականությունը 25% էր, սակայն, օրինակ, իսրայելցի մասնակիցներից 70-ը կարողացան դիմանկարների 30%-ին տալ ճիշտ անունը:
Եվ երբ մի նմանատիպ փորձ արվեց Ֆրանսիայում, բոլոր 115 մասնակիցները դիմանկարների անձանց 40%-ին կարողացան տալ ճիշտ անունները:
Ֆրանսիացիների 80%-ը կարողացավ միանգամից գտնել Վերոնիկա անունով անձանց դիմանկարները, մինչդեռ իսրայելցիների միայն 52%-ը գտավ Թոմ անունով անձանց:
Հետազոտության հեղինակ Յոնաթ Զվեբերը նշում է, որ մարդկանց անունները ճիշտ գուշակելու կարողությունը գալիս է որոշ անունների հետ կապված կարծրատիպերից: Երբ մարդիկ փորձում են կռահել անծանոթի անունը, ճիշտ գուշակելու համար նրանք օգտագործում են իրենց իսկ անձնական փորձը, շփումներն ու կապերը:
Ուսումնասիրությունը նաև ցույց տվեց, որ մարդկանց սանրվածքը մեծ դեր ունի, թե արդյոք մարդիկ կկարողանան ճանաչել իրենց իրական անունները: Փորձերից մեկի ժամանակ հեղինակները ջնջել էին դիմանկարների դեմքերը՝ թողնելով միայն մազերը, ականջներն ու վիզը: Մյուս փորձի համար էլ նրանք արեցին հակառակը՝ ջնջեցին մազերը, ականջներն ու վիզը և թողեցին միայն աչքերը, քիթը, այտերն ու բերանը: Իսկ երրորդ փորձի համար նրանք վերցրին սովորական դիմանկարներ՝ առանց ջնջելու դեմքի որևէ հատված:
Արդյունքները ցույց տվեցին, որ մարդկանց 36%-ը կարողանում է կռահել անծանոթների անուններն՝ ըստ իրենց ամբողջական դիմանկարի, 33%-ը՝ միայն սանրվածքի առկայության դեպքում, և 30%-ը, երբ տեսանելի է անծանոթների միայն դեմքը:
Զվեբորն ասում է, որ մեր օրերում մարդիկ իրենց սանրվածքն ընտրում են ենթագիտակցորեն՝ ըստ իրենց անվան հետ կապված կարծրատիպերի:
Հարկ է նաև նշել, որ փորձի մասնակիցները կարողանում էին ավելի հեշտ կռահել իրենց համերկրացիների անունները: Օրինակ՝ ֆրանսիացիները գրեթե չէին կարողանում ճիշտ գուշակել իսրայելցիների անունները, և նույն կերպ էլ իսրայելցիների համար էր դժվար ճիշտ ընտրություն կատարել ֆրանսիացիների և նրանց անունների միջև:
Այնուամենայնիվ, միայն մարդիկ չէ, որ կարողանում են համապատասխանեցնել անունները դեմքերի հետ. համակարգիչները նույնպես ունեն այդ կարողությունը:
Հետազոտողների թիմը ստեղծեց մի ծրագիր, որը համակարգչին սովորեցնում էր, թե ինչպես կարելի է ավելի քան 94.000 դեմքերը համապատասխանեցնել ճիշտ անունների հետ: Ապա համակարգչին տրվեց թեստ՝ դիմանկար և երկու հնարավոր անուն: Ճիշտ անունն ընտրելու հավանականությունը 50% էր, բայց փորձը ցույց տվեց, որ համակարգիչը 54-64% դեպքերում ընտրել է ճիշտ տարբերակը:
Զվեբերի պնդմամդ՝ այս արդյունքները կարող են հզոր ապացույցներ լինել, որ որոշ մարդիկ իսկապես նման են իրենց անուններին: Հեղինակի մոտ կասկածներ են առաջացել, որ երբ բոլորը հատուկ ակնկալիքներ ունեն որոշակի անուն ունեցող անձից, ապա այդ անձը հակված է նմանվելու իր «անվան մոդելին»: Օրինակ, երբ մարդիկ կարծում են, որ Քեթրին անունով բոլոր մարդիկ ունեն նույն բնավորությունը, ապա հավանաբար նրանք բոլոր Քեթրիններին կվերաբերվեն նույն կերպ: Իսկ ժամանակի ընթացքում բոլոր Քեթրինները կդառնան այնպիսին, ինչպիսին հասարակությունն է պատկերացնում և ակնկալում: