Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը կնկարահանի գեղարվեստական մինի-սերիալ, որը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալային նախընտրական արշավի իրադարձություններին: Այս մասին հայտնել է HBO Films ստորաբաժանման ղեկավար Լեն Ամատոն:
Սերիալի ստեղծման վրա կաշխատի այն նույն թիմը, որը HBO-ի համար ստեղծել է «Խաղը փոխվեց» (Game Change, 2012) հեռուստաֆիլմը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրարշավի մասին, երբ ամերիկյան պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին դեմոկրատ Բարաք Օբաման եւ հանրապետական Ջոն Մակքեյնը: Ռեժիսոր Ջեյ Ռոուչի այս կինոնկարը 2013 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» երեք մրցանակ:
Նոր նախագիծը, որն առայժմ անվանում չունի, հիմնված կլինի լրագրողներ Մարկ Գալպերինի եւ Ջոն Հայլեմանի՝ հրատարակության պատրաստվող գրքի վրա: Հենց նրանք էին այն հրապարակման հեղինակները, որի մոտիվներով նկարահանվեց Ռոուչի՝ իննամյա վաղեմության նախագահական ընտրությունների մասին կինոժապավենը:
Ամատոյի խոսքով՝ նոր ֆիլմն «ակնառու կերպով կհաղորդի արդի ամերիկյան քաղաքականության պատմության մեջ իր ազդեցությամբ ամենաննախադեպ եւ չգերազանցված իրադարձության»՝ Սիտակ տան համար անցյալ տարվա պայքարի «էությունը»:
Ինչպես հայտնել է HBO Films-ի ղեկավարը, ընկերություն, որն զբաղվում է HBO-ի համար լիամետրաժ եւ բազմասերիանոց հեռուստանախագծերի արտադրությամբ, մինի-սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկը կլինի ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը: Ռեժիսորի աթոռին, ինչպես սպասվում է, վերստին կնստի Ռոուչը: Նախագծի դերասանական կազմը, ինչպես եւ եթեր դրա հեռարձակման ժամկետը, առայժմ հայտարարված չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: