Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ելենա Բորիսենկոն:
-Ելենա, «Փոխնակ մայրը» հեռուտասերիալի նկարահանումներն արդեն ավարված են եւ առաջինը կցանկանայի լսել Ձեր գնահատականն այս աշխատանքի վերաբերյալ:
- Ամեն անգամ, երբ նոր նախագծում եմ ընդգրկվում, միշտ նկատում եմ տվյալ աշխատանքի առավելություններն ու թերությունները: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալն ինձ համար առանձնահատուկ կարեւոր դարձավ, քանի որ այն ինձ համար վերադարձ էր, որովհետեւ մինչ այդ դադարից հետո նկարահանվել էի միայն «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այն էլ շատ փոքր զբաղվածությամբ: Կերպարս շատ լավն էր, եւս մեկ անգամ հնարավորություն ունեցա սերիալի ձեւաչափում ունենալ լավ տեսարաններ եւ հաճույքով այդ տեսարաններն տրվել ու խաղալ: Ինքս շատ պահանջկոտ եւ բծախնդիր եմ իմ աշխատանքի հանդեպ, բայց այստեղ ես ունեցա տեսարաններ, որոնց համար չեմ ամաչում, ինչը շատ մեծ ձեռքբերում է: «Փոխնակ մայրը» սերիալում ունեցա նաեւ շատ լավ զուգընկերներ՝ ի դեմս Տիգրան Ներսիսյանի եւ Հովակ Գալոյանի: Ինձ համար մեծ հաճույք էր, երբ ես գիտեի, որ տեսարաններ եմ ունենալու, որոնք իրականացնելու եմ պրոֆեսիոնալների հետ, որի շնորհիվ խաղացածս էլ ավելի ակնառու կլինի: Լավ դերասանի կողքին դերասանը աճում է: Ուրախ եմ, որ առաջին անգամ կարող եմ փաստել, որ ես սերիալում աճ ապրեցի: Պետք է նաեւ նշեմ, որ հիացած եմ ողջ թիմի աշխատելաոճով ու մարդկային տեսակով:
-Հետաքրքիր է՝ Ձեր այս վերադարձն ինչպես ընդունեց հեռուստադիտողը, ինչ արձագանքներ են հասել Ձեզ:
- «Վերվարածներից» հետո սա այն սերիալն էր, երբ ինձ շատ էին գրում ու խոսում հերոսուհուս մասին, ինչն ինձ համար շատ հաճելի էր: «Փոխնակ մայրը» սերիալում ես մարմնավորեցի հասուն կնոջ, ինչը եւս հեռուստադիտողին նորություն էր, քանի որ արտաքնապես երիտասարդ երեւալս պատճառ է դարձել, որ իմ տարիքից ավելի երիտասարդ կանանց եմ մարմնավորել: Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որ գնահատեցին ինձ. գնահատված լնելը միշտ հաճելի է:
-Հիմա «Վերվարածները» հեռուստասերիալը կրկին ցուցադրվում է: Ես հիշում եմ, որ դուք մի պահ հոգնել էիք Կարինայի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունից: Սերիալի կրկնությունը Կարինային կրկին հիշե՞ցնել է տվել հեռուստադիտողին:
- Իմ տեսակով այնպիսինն եմ, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու անդադար քննարկվել, ինչ շատ ակտիվ էր «Վերվարածների» ժամանակ: Հիմա, երբ սերիալի կրկնությունն է գնում «Շանթ»-ի եթերում, կարծես թե նախկին ակտիվությունը կրկին իրեն զգացնել է տալիս հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր 12 տարի առաջ չէին տեսել այն, քանի որ փոքր էին: Ինչեւէ, ուրախ եմ, որ տարիներ առաջ նկարահանված այս սերիալը այսօր շարունակում է սիրելի մնալ ու հեռուստադիտող ունենալ: Անցել է 12 տարի, բայց ես այսօր էլ չգիտեմ մի սերիալ, որն ավելի լավ է նկարվում, քան այն ժամանակ Ռոմանն է նկարել, նաեւ չեմ կարծում, որ հիմա սցենարներն ավելի լավ են գրվում, քան այն ժամանակ Հարութն էր գրում: Հիմա հասկանում եմ, որ ինչքան էլ ես չեմ սիրում գրոտեսքային դերեր, միեւնույն է, այն հաջողել է ու տարիներ շարունակ սիրվել: Մենք շատ լուրջ գործ ենք արել, շատ լավ թիմ ենք եղել ու գուցե ֆենոմենը դրա մեջ է: «Վերվարածներում» պարզ, մաքուր ու ազնիվ ինչ-որ բան կար եւ գուցե սա էլ մեծ դեր է ունեցել: Հիմա առաջին անգամն եմ խոստովանում, որ ես չեմ ամաչում այդ գործի համար, շատ լավ է, որ դա եղել է իմ կյանքում: Այն ժամանակ մենք նկարահանումներն իրականացնում էինք այսօրվա համեմատությամբ շատ ավելի վատ տեխնիկայով, բայց դա անում էինք շատ ավելի պրոֆեսիոնալ, քան շատ ու շատ սերիալներ, որոնք այսօր են նկարահանվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։