Չկան անթերի մարդիկ, և հենց այդ պատճառով էլ մենք մշտապես քննադատում ենք կամ լսում ենք քննադատություն մեր իսկ հասցեին:

Ստորև ներկայացված են պարզ խորհուրդներ, որոնց օգնությամբ հնարավոր է համարժեք արձագանքել ցանկացած տեսակի քննադատությանը:

1.      Միշտ ասեք «այո». երբ մենք մեր հասցեին լսում ենք քննադատություն, ապա առաջին հերթին, պետք է հաղթահարենք բոլոր էմոցիաները և ընդունենք մեր զրուցակցի՝ իր կարծիքն արտահայտելու իրավունքը: Եթե դուք կարողանաք ընդունել դիմացինի քննադատությունը, դա կնպաստի, որպեսզի երկխոսությունը շարունակվի առողջ մթնոլորտում:

2.      Միշտ փորձեք արտահայտել ձեր դիրքոոշումը. միշտ չէ, որ միջավայրի կողմից հնչեցված քննադատությունները համընկում են մեր ընկալումների հետ: Բայց այս դեպքում խոսքը ոչ թե արդարանալու, այլ սեփական դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ արտահայտելու մասին է: Այդ դեպքում դուք հնարավորություն  կտաք ձեր զրուցակցին հասկանալ, որ դուք նույնպես փորձում եք տվյալ իրավիճակում ելք փնտրել և որ ամենակարևորն է, այդ երկխոսությունը կշարունակի ընթանալ կառուցողական ճանապարհով:

3.      Փորձեք լուծում տալ քննարկվող հարցին: Տեսակետներն արտահայտելուց հետո, պետք է զրուցակցի հետ միասին փորձեք լուծում տալ հարցին, որպեսզի վերջինս հասկանա, որ դուք ոչ թե բարիկադների հակառակ, այլ միևնույն կողմում եք գտնվում:

Եվ ամենակարևորը, հիշեք, որ մենք միշտ իրավունք ունենք սխալվելու: Այդ պատճառով քննադատություն լսելիս, երբեք մի ընդունեք այն որպես վիրավորանք կամ առիթ հարաբերությունները խաթարելու համար: