«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը մարտի երկուսին մեծ էկրաններ կբարձրանա Հայաստանի կինոթատրոններում:
Սամվել Թադևոսյանի և Մարիա Ախմեդիանովայի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանը, սաունդթրեքի հեղինակը Տիգրան Համասյանն է, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են՝ ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը և Հրաչ Քեշիշյանը:
Ֆիլմի ստեղծման պատմության ու այլ հետաքրքիր մանրամասների մասին BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի համապրոդյուսեր, HK productions ընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ.
«Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է, որի շուրջ համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ., երբ ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը ներկայացրեց սցենարը և ասաց, որ շատ հնարավոր է, որ Ռոբեր Գեդիկյանի ընկերությունը՝ Agat Films-ը, հետաքրքրված լինի այս սցենարով: Սցենարը շատ հետաքրքիր էր, շատ գայթակղիչ, և HK production-ը տվեց համագործակցության իր համաձայնությունը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ համագործակցության համաձայնություն է տվել նաև Agat films-ը: Հանդիպեցինք պարոն Գեդիկյանի հետ Երևանում ու պայմանավորվեցինք, որ սկսում ենք ֆիլմի նկարահանման ընթացքը: Փոքր աջակցությամբ մեզ միացավ այսօր արդեն լուծարված Ազգային կինոկենտրոնը: Բելգիացի մեր գործընկերներն էլ շուտով միացան մեզ, և 2014թ․ սեպտեմբերին մենք սկսեցինք նկարահանումները, որոնք ամբողջությամբ իրականացվեցին Հայաստանում ու բացառապես հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական թիմերի ներուժով՝ բացառությամբ մի քանի հնչյունային ռեժիսորների, ովքեր Ֆրանսիայից էին եկել»:
2015թ. արտադրված ֆիլմն այս ընթացքում շրջագայել է տարբեր ցուցադրություններով ու կինոփառատոններով, և ահա ժամանակն է, որ այն էկրան բարձրանա Հայաստանում: Ֆիլմը դեռևս չի ցուցադրվել Ֆրանսիայում, որովհետև, ըստ պայմանավորվածության, այն առաջինը մեծ էկրան պիտի բարձրանա ֆիլմն արտադրող երկրում՝ Հայաստանում: Նշենք, որ ֆիլմի հովանավորներն են՝ Ֆրանսիայում՝ Orange studio օսկարակիր կինոարտադրող ընկերությունը, իսկ Հայաստանում՝ UCOM! ընկերությունը: Ահա այս բոլոր համագործակցությունների արդյունքում էլ ֆիլմը դարձավ իրականություն:
Թե ժանրային ինչ ուղղվածություն ունի ֆիլմը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ըստ սցենարի՝ ֆիլմը Black comedy (սև հումոր) ժանրի մեջ է, և մենք փորձել ենք պահպանել այս ժանրի կանոնները: Բայց իմ կարծիքով՝ ֆիլմը շատ ավելի խորը ասելիք ունի, իսկ այդ պարագայում ժանրերը շատ արագ խառնվում են իրար: Այն և՛ Black comedy է, և՛ կրիմինալ, և՛ սիրային պատմություն ու նաև ակտիվ մարտաֆիլմի տեսարաններով ֆիլմ է և, որ ամենակարևորն է, սա սոցիալական դրամա է, որտեղ բախվում են հասարակության տարբեր շերտերն ու երևույթները, իսկ թե ով կհաղթի, ֆիլմը ցույց կտա»
Դերասանների ընտրությունը ֆիլմի ռեժիսորն է իրականացրել: Ու քանի որ Լևոն Գեդիկյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, բնականաբար իր տեսլականն ի սկզբանե է ունեցել: Կարծում եմ, որ շատ լավ կազմ է հավքվել: Գլխավոր դերերում են Սամվել Թադևոսյանն ու Մարիա Ախմեդիանովան: Մարիան Մոսկվայից է:
«Ֆիլմն ունի հիանալի երաժշտություն, որը ստեղծել են երկու հրաշալի հայ կոմպոզիտորներ: Տիգրան Համասյանը ստեղծել է ֆիլմի ողջ աուրան ու երաժշտական թեման՝ սաունդթրեքը, իսկ Միշել Պետրոսյանը ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը, որը ֆիլմի մեջ հնչող ու աշխատող երաժշտությունն է»:
Զրույցի վերջում Հրաչ Քեշիշյանի հետ խոսեցինք նաև առաջիկա ստեղծագործական պլանների մասին. «Ընդամենը մի քանի օր առաջ ենք ավարտել հայ-իտալական մեր համագործակցությունը: Նաև Պան Արմենիան մեդիա գրուպում փորձում ենք անել 20 մասից բաղկացած մի ֆիլմ, որը ոչ թե անմիջականորեն կապված է Արցախյան պատերազմի հետ, այլ շոշափում է այդ թեման ու այն ամենը, ինչը վերաբերում է հայ իրականությանը՝ 1992-2016թթ. ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ֆիլմաշարն արդեն ապրիլի կեսերին պատրաստ կլինի»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի