Այսօր Իսլանդիան մի ոտքով ամուր հենված է անցյալին և ապրում է պահպանելով իր նախնիների ավանդույթները, իսկ մյուսով առաջ է գնացել դեպի ապագա՝ կոտրելով ժամանակակից կարծրատիպերը:

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր Իսլանդիայի ժողովրդի և նրանց կենցաղի մասին:

• Իսլանդացիներն ազգանուն չունեն


Անձնական ծանոթության ժամանակ ձեզ կարող է թվալ, թե հանդիպել եք հին ասքերի հերոսի՝ լսելով, օրինակ, Պետուր՝ Բյորնի որդի, կամ Գուդրում՝ Վիլխյեալմի դուստր անունները: Բանն այն է, որ իսլանդացիները մինչև օրս պահպանել են ազգանվան փոխարեն նորածնին հոր անունը տալու վիկինգների սովորույթը: Անցյալում, երբ այս ցուրտ հողերի բնակչությունը բավական սակավաթիվ էր, ազգանունների կարիք իրոք չկար: Սակայն այսօր երեք հոգուց բաղկացած սովորական իսլանդական ընտանիքում հայրը, մայրը և որդին ունեն տարբեր անձնական տվյալներ: Այդ պատճառով էլ հեռախոսագրքում ինչ-որ մեկին գտնելու համար ստիպված պետք է հիշեք ընտանիքի տոհմածառը:

• Նրանց երկրում տեր-տիրակալ են ոչխարները


Զվարճալիէ, բայց կղզում երկու անգամ ավելի շատ ոչխար կա, քան՝ մարդ: Կենդանիները կես տարի պտտվում են ամենուրեք՝ ուտելով հյութեղ, կանաչ խոտը: Կղզում նույնիսկ գիշատիչներ չկան, այնպես որ հսկելու կարիք էլ չկա: Իսկական դրախտ է ոչխարների համար: Երբ արածելու սեզոնն ավարտվում է (գարնանից մինչև աշուն), ֆերմերներն ամբողջ երկրով մեկ գնում են փնտրելու իրենց կենդանիներին: Կհարցնեք, թե ինչպես են տարբերում իրենցը: Նախնիների մեթոդով: Ոչխարներին հավաքում են մեծ ցանկապատ տարածքներում, իսկ հետո առանձնացնում են ականջներին արած հատուկ նշաններով: Յուրաքանչյուր ֆերմեր ինքն է իր համար նշան մտածում: Երկրում գոյություն ունեն այդ նշանների հատուկ կատալոգներ: Ոչխարների հավաքն Իսլանդիայում ուրախ, աղմկոտ իրադարձություն է, որին մասնակցելու համար գալիս են ամբողջ ընտանիքներով:

• Նրանք կլոր տարի գործում են շյուղերով


Իսլանդացիների առօրյա կյանքում գործելը նույնքան կարևոր տեղ ունի, ինչ-որ եղանակը քննարկելը: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք հիանալի տիրապետում են շյուղերին: Ճիշտ է, քաղաքացիներն այսօր մի քիչ ամաչում են դա անել հասարակական վայրերում, բայց գյուղերում դեռ շատ են մոլի գործողները: Որոշ ֆերմերների նկատում են նույնիսկ աշխատանքի ժամանակ գործելիս, օրինակ՝ ոչխարների հոտը դաշտ քշելիս:

• Նրանք հոտած ձուկ են ուտում


Պատկերացրեք, որ նրբաճաշակ ռեստորանի ճաշացանկի մեջ հանդիպում եք "արյունոտ երշիկ", "մարինացված ոչխարի ամորձիներ", "թթու դրած կետի միս", "գառան եղջյուրներից և կճղակներից դոնդող", "ոչխարի գլուխ", "շնաձկան հոտած միս" ճաշատեսակները: Ոչ, դա սարսափելի երազ չէ: Իսլանդացիները դարերով ապրել են բարդ կլիմայական պայմաններում և ձևավորել են յուրահատուկ համային հակումներ: Իսլանդիայում աղ չի եղել, սառնարաններ նույնպես չեն եղել, ուստի տեղաբնակները ստիպված են եղել ինչ-որ ձևով լուծել մթերքները պահելու խնդիրը: Ուտելիքը չորացնում էին , ծխեցնում, սպասում էին մինչև հոտի: Մի խոսքով փորձարկումներ էին անում: Օրինակ՝ "խաուկարլ" կոչվող ճաշատեսակը պատրաստված է բևեռային շնաձկան արևի տակ չորացրած մսից: Թարմ վիճակում այն թունավոր է միզաթթվի մեծ քանակության պատճառով, դրա համար էլ մսակտորները սկզբում կես տարի պահում են մանրախճով տակառների մեջ, որպեսզի մսահյութը դուրս գա, այնուհետև էլի երեք ամիս չորացնում են արևի տակ:

• Նրանք դեռ ապրում են գետնափոր տնակներում


Ինչպե՞ս տուն կկառուցես մի երկրում, որտեղ համարյա թե անտառ չկա: Իսլանդացիներն ապրելու համար կառուցում էին տորֆից տնակներ, որոնք կիսով չափ մտնում էին հողի մեջ: Քարե պատերը և կտուրը ծածկում էին տորֆի հաստ շերտով՝ տաքությունը պահպանելու համար:
Այժմ 21-րդ դարն է, բայց իսլանդացիներից շատերն այսօր էլ նախընտրում են էկոլոգիապես մաքուր և հեքիաթային գեղեցկություն ունեցող այդ տնակները:

• Նրանց հոգևորականները կանայք են, իսկ եկեղեցիները՝ ֆուտուրիստական արտ-օբյեկտներ


Չնայած այն բանին, որ Իսլանդիայում առօրյա կյանքը բավական ավանդական է, տեղի կրոնական ինստիտուտն աշխատում է յուրօրինակ ձևով: Կղզու պաշտոնական պետական կրոնը՝ լյութերականությունը, կանանց թույլատրում է դառնալ հոգևորական: Համաձայնվեք, որ ուղղափառ քրիստոնյաների համար դա առնվազն տարօրինակ է: Լյութերական եկեղեցիների տեսքից դուք էլ ավելի կզարմանաք: Դրանք ավելի շուտ նման են ժամանակակից արվեստների թանգարանների, քան թե Աստծո հետ հանդիպման վայրի:

• Նրանք մանկատներ չունեն


Չեք սխալվի, եթե ասեք, որ ընտանիքը ցանկացած իսլանդացու ամենագլխավոր արժեքն է: Երկրում ամեն պայման ստեղծվել է երջանիկ և անվտանգ մանկություն ունենալու համար: Բայց ամենաոգեշնչողը մանկատների բացակայությունն է: Իսլանդիայում գոյություն ունեն միայն ժամանակավոր ապաստաններ, որտեղ որբերին կամ լքված երեխաներին կարճ ժամանակով պահում են՝ մինչև երեխա որդեգրել ցանկացող բազմաթիվ ընտանիքներից կընտրեն ամենահարմարը:

• Նրանք չգիտեն "հանցագործություն" բառը


Իսլանդիայում հանցագործության մակարդակը երևի թե աշխարհում ամենացածրն է: Այստեղ չեք տեսնի բարձր ցանկապատեր, երկաթյա դռներ և ցանցապատ պատուհաններ: Իսլանդացիները հաճախ չեն էլ կողպում տների և ավտոմեքենաների դռները: Սպանություններ և բռնարարքներ լինում են տարին ընդամենը մի քանի անգամ, այն էլ՝ աֆեկտի վիճակում: