Տարին նոր է սկսվել և ճիշտ ժամանակն է կյանքը փոխել դեպի լավը: Ներկայացնում ենք մասնագետների խորհուրդներ, որոնք ունակ են լավացնել ձեր ֆիզիկական և բարոյական ինքնազգացողությունը:

• Ավելի շատ քնեք
Ապացուցված է, որ քունը առանցքային դեր է խաղում ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը բարձր պահելու հարցում: Չափահաս մարդը կարիք ունի միջինում 7-9 ժամ գիշերային հանգստի: Կարևոր է նաև այն, թե ինչ պայմաններում եք դուք քնում: Գիշերը սենյակում ավելորդ աղմուկի և լույսի աղբյուր չպետք է լինի: Բավարար չափով չքնելը հանգեցնում է բացասական հետևանքների՝ հիշողության և տրամադրության վատացման, դեպրեսիվ վիճակների, 2-րդ տիպի շաքարախտի և սրտանոթային խնդիրների առաջացման, ինչպես նաև դիմադրողականության անկման:

 Պահպանեք հավասարակշռված սննդակարգ
Ճիշտ սնվելը պակաս կարևոր չէ, քան առողջ սնունդը: Աղքատ սննդակարգը կամ ցածրորակ սնունդն ունակ են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գիրացումը, 2-րդ տիպի շաքարախտը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակներ: Ամերիկյան կենդանաբանների հետազոտությունների համաձայն, ճարպով հարուստ սնունդ ստացած մայր-կապիկների ձագերի ուղեղում ավելի քիչ են մոտիվացիայի և ձեռքբերումների համար պատասխանատու կառուցվածքները: Նեյրովիրաբույժներն ու ֆիզիոլոգները հայտնաբերել են, որ կես տարի սննդի հետ զանազան վիտամիններ և միկրոէլեմենտներ ստացած երեխաներն ավելի լավ են գլուխ հանում ինտելեկտի մակարդակը ստուգող թեստերից, ավելի արագ են սովորում և հիշում նոր ինֆորմացիան:

• Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք
Կարևոր չէ, թե ինչ ֆիզիկական ակտիվության տեսակ կընտրեք՝ լինի դա առավոտյան վազք, մարզասարքերով պարապունքներ, թե արևելյան մարտարվեստներ, կարևորն այն է, որ կանոնավոր պարապեք, քանի որ հենց այդպիսի ռեժիմն է արդյունք տալիս: Հարվարդի գիտնականների տվյալներով, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները գործի են գցում պրոտեինների արտադրման գործընթացը, ինչն էլ իր հերթին զարգացնում է մտավոր կարողությունները, ինչպես նաև կրճատում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացման ռիսկը:
Հետազոտողները վստահ են, որ եթե ընդամենը մի քանի շաբաթ խստորեն հետևեք պարապունքների կանոնավոր գրաֆիկին, ապա դա սովորություն կդառնա:

• Ապրեք "այստեղ և հիմա"
Որպեսզի կանգնեցնեք անհանգիստ մտքերն ու մտածմունքները, պետք է կենտրոնանաք ձեր ընթացիկ մարմնական վիճակի, այս պահին ձեր ունեցած զգացողությունների և էմոցիաների, ձեզ շրջապատող ձայների և հոտերի վրա: Բավական է օրական ընդամենը 10 րոպե կատարեք այս վարժությունը, և օրգանիզմում կիջնի սթրեսի հորմոնի մակարդակն ու կանցնի ձեր անհանգիստ վիճակը:
Վարժությունը կարելի է անել նաև չսիրած գործով զբաղվելիս, օրինակ՝ ամանները լվանալիս կամ մաքրություն անելիս: Եթե վարժության ընթացքում նաև հաճելի երաժշտություն լսեք, ապա այն կվերածվի մեդիտացիայի, որն ընդունակ է ընդամենը 8 շաբաթում լավացնել հիշողությունը, էմոցիոնալ և մարմնական վիճակը:

• Ավելի շատ շփվեք
Ընկերների, բարեկամների և հետաքրքիր կոլեգաների հետ հանդիպումները շատ լավ մարզում են ուղեղը, որն այդպիսի շփման շնորհիվ ձևավորում է նորանոր նեյրոնային կապեր: Դա էլ իր հերթին ծեր տարիքում հուսալիորեն պաշտպանում է տկարամտությունից:
Տարբեր հետազոտութուններ ցույց են տվել, որ հաճելի ընկերակցությունը շատ ավելի օգտակար է, քան հեռուստատեսային ծրագրեր դիտելը: Բացի այդ, այլ մարդկանց հետ ծերունիների կանոնավոր հանդիպումները նրանց տալիս են հասարակության մեջ ներառված լինելու և շրջապատին անհրաժեշտ լինելու զգացողություն:

• Էմոցիոնալ ինտելեկտ զարգացրեք
Դրական էմոցիաներն ու լավ տրամադրությունը մարդկային բարօրության գրավականն են: Իսկ տարբեր, այդ թվում նաև ոչ հաճելի էմոցիաները հաղթահարելու ունակությունը, պաշտպանում է քնի խանգարումից, ֆիզիկական վիճակի վատթարացումից, ինքնամփոփությունից և ընթացիկ պահի վրա կենտրոնանալ չկարողանալուց: Հենց այդ պատճառով էլ սեփական էմոցիաները վերահսկելու ունակությունը հետազոտողները համարում են հոգեկան առողջությունը պահպանելու կարևորագույն հմտություն, ինչը նաև մարդուն թույլ է տալիս կարգավորել շփումը շրջապատի հետ և ավելի բարենպաստ հարաբերություններ կառուցել: