Ամերիկացի փոփ-աստղ Բեյոնսեի լուսանկարը, որտեղ նա պատկերված է հղի վիճակում, «Ինսթագրամ»-ում ռեկորդ է սահմանել լայքերի թվաքանակով, տեղեկացնում BBC-ն:

 

Լուսանկարը 15 ժամում հավաքել է ավելի քան 7,5 մլն լայք, դրանցից 1,4 միլիոնն ստացվել է հրապարակումից հետո առաջին կես ժամվա ընթացքում:

 

Փետրվարի 1-ին Բեյոնսեն Instagram-ում հայտնել է իր հղիության մասին, նշելով, որ ինքն ու իր ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, երկվորյակ են սպասում: «Մենք ցանկանում ենք հաղորդակից դարձնել մեր երջանկությանն ու սիրուն: Մեզ օրհնություն են տվել կրկնակի: Մենք անհավատալիորեն շնորհակալ ենք այն բանի համար, որ մեր ընտանիքը կավելանա երկու հոգով: Մենք շնորհակալ ենք ձեզ ձեր բարեմաղթանքների համար»,- գրել է 35-ամյա աստղը:

 

Բեյոնսեն եւ Jay-Z-ն ամուսնացել են 2008 թվականի ապրիլին՝ Նյու Յորքում: 2012-ի հունվարի 8-ին ծնվել է նրանց դուստրը, որին կոչել են Այվի Բլյու Քարտեր:

 

Բեյոնսե Նոուլզ Քարտերը r’n’b ոճի ամերիկացի երգչուհի է, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի եւ մոդել: Հռչակվել է 1990-ական թվականների վերջին՝ լինելով Destiny’s Child կանանց երաժշտական կոլեկտիվի մենակատար: Իր երաժշտական կարիերայի ընթացքում ստացել է 20 Grammy երաժշտական մրցանակ: