Ասում է հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը:

- Գոհար, գիտեմ, որ այս շրջանում Ձեր զբաղվածությունը շատ մեծ է: Ո՞ր նախագծերի վրա եք հիմա աշխատում:

- Աշխատանքային այս կիսամյակն ինձ համար իրոք շատ ծանրաբեռնված է, որովհետև բացի իմ ամենօրյա շոուից՝«Գտնված երազից», նաև ունեմ երկու եվրատեսիլյան մրցույթ՝ պատանի պարողների «Եվրատեսիլ» և երգի «Եվրատեսիլ» մրցույթները: «Գտնված երազի» թիմը շատ լավն է: Եթե չլինեին իմ պրոդյուսերը, սցենարիստը, լրագրողներն ու ադմինիստրատորը, հնարավոր է, որ այսքանը չհասցնեի, քանի որ ինձ մոտ շրջագայությունները շատ են, և աշխատանքի բերումով՝ հաճախ եմ երկրից բացակայում: Առհասարակ հայկական իրականության մեջ ընդունված է մի քանի գործ միանգամից անելը, անկախ այն հանգամանքից' դու այդ աշխատանքի մասնագե՞տն ես, թե՞ ոչ: Մեր պարագայում այդպես չէ: Մեզանից յուրաքանչյուրը հստակ գիտի, թե ինչ է անում: Մեր գլխավոր խնդիրն ու նպատակն այն է, որ այն մարդկանց, ովքեր գալիս են իմ հյուրասենյակ, ներկայացնենք հանրությանն առավել դրական, լավ տեսանկյունից: Մեր գերնպատակը բոլոր տարիքի հանդիսատեսին ուղղակի հաճելի, հետաքրքիր հաղորդում ներկայացնելն է: Մենք հյուրերի մեջ սահմանափակում չենք դնում, ինձ հյուրընկալվում են թե՛ դերասանները, թե՛ երգիչ-երգչուհիները, պարողները, ու թե՛ մարզիկներն ու քաղաքական գործիչները: Թեև բոլորին նույն հարթության մեջ դնել չես կարող, բայց փորձում ենք բալանսի մեջ պահել և հանդիսատեսին լավագույնս ներկայացնել բոլորին:

- Կարծիք կա, որ «Գտնված երազը» նման է «Երջանկության մեխանիկա» հաղորդաշարին:

- Բացարձակ միտում չկար աշխատանքը կրկնելու, խնդիր էր դրված՝ անել ամենօրյա ծրագիր, և այդ ծրագիրը պետք է անեի ես: Հանրային հեռուստաընկերությունում մենք պետք է ստեղծեինք ընտանեկան դիտման հաղորդում, որոշակի արժեքների սահմանում: Մենք շատ երկար մտածում էինք՝ ի՞նչ անվանում դնել ծրագրին: Գիտեինք, որ ցանկանում ենք ստեղծել թեթև, հանգիստ, ժամանցային հաղորդում: Եվ ամենահարմար տարբերակը, որտեղ կարելի էր իմաստ ու թեթևություն տեսնել՝ հայկական մուլտֆիլմերն էին, դրանց թվում՝ «Գտնված երազ» մուլտֆիլմը: Հենց այս անվանումը հուշեց հաղորդման ողջ գիծը: Դա դարձավ ֆորմատ, և մենք ծրագիրը կազմեցինք անցյալ-ներկա-ապագա ձևաչափով հարցազրույցի ժանրում:

- Ամենօրյա հաղորդման ֆորմատը ենթադրում է շատ հյուրեր: Հայաստանում դեռ ապրո՞ւմ են այդքան շատ հետաքրքիր ու բովանդակալից կյանք ապրած մարդիկ:

- Դա իրոք շատ մեծ խնդիր է, այդ պատճառով փորձում ենք բալանսը պահել՝ վաստակավոր, կայացած մարդկանց և սկսնակների միջև: Շաբաթվա 5 օրերը հավասարաբար բաշխում ենք, որպեսզի վարկանիշը պահպանենք:

- Օրերս լուսանկարչական շարք ներկայացվեց, որով հանրությանը ներկայացաք Աննա Կարինինայի կերպարով: Ինչո՞ւ դուք և ինչո՞ւ հենց Աննա Կարինինայի կերպարն ընտրվեց:

- Այն ուղղակի հետաքրքիր գաղափար էր, որն իրականացվեց: Դիզայներ Ֆաինան ցանկանում էր Աննա Կարինինա կերպարին համահունչ հավաքածու ներկայացնել: Երկար չենք մտածել ֆոտոշարքի ուղղությամբ, Ֆաինան ստեղծել էր հագուստներն ու իր այդ ֆոտոշարքում տեսնում էր ինձ: Ես մեծ սիրով համաձայնվեցի: Վերհիշելու համար վեպը՝ նաև դիտեցի համանուն նոր ֆիլմը, ոգեշնչվեցի Կիրա Նայթլիի խաղից և ինքս էլ փորձեցի մտնել կերպարի մեջ: Արվեցին շատ մեծ քանակությամբ լուսանկարներ, թե՛ տխրություն ու տառապանք, թե՛ ուրախություն, թե՛ սեր արտահայտող լուսանկարներ: Վերջում ընտրվեցին այն լուսանկարները, որոնք Աննա Կարենինայի կյանքի ու դաժան ապրումների արտացոլանքն էին: Ես երբեք ինձ չեմ փորձել և չեմ էլ համարձակվի փորձել դերասանության մեջ: Դրա համար համապատասխան մասնագետներ կան, ես ուղղակի հաղորդավարուհի եմ, ով փորձեց լուսանկարվել այդ կերպարում: Ֆոտոշարքը ստացավ ավելի մեծ արձագանք, քան մենք սպասում էինք:

- Խոսենք նաև Ձեր աշխատանքային կյանքում հայտնված նորության՝ պատանի պարողների «Եվրատեսիլ» մրցույթի մասին: Ինչո՞ւ հենց այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվեց:

- Կան շատ երաժշտական նախագծեր, որոնց Հայաստանը մասնակցում է և պատվով է ներկայանում: Բայց պարի ասպարեզում մենք երբեք մեր ուժերը չենք փորձել: Ուստի հեռուստաընկերության տնօրինությանն առաջարկեցի ներկայանալ նաև այդ նախագծով: Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ թե՛ տնօրինության, թե՛ մասնագետների կողմից առաջարկը շատ դրական ընդունվեց: Այս նախագիծը շատ բարի ու առավել թափանցիկ է, քան երգերի Եվրատեսիլները: Այս անգամ մասնակիցներին, ինչպես «Պատանին երաժիշտների» մրցույթում, գնահատելու են ժյուրիի անդամները: Չկա հանդիսատեսի գործոնը, հաղորդագրությունները: Այսինքն՝ գործից չհասկացող մարդը ոչինչ չի կարող փոխել: Դատում են մասնագետները: Մրցույթի կարևոր կանոններից է բալետի հիմքը, թեև մասնակիցներն իրենց բեմադրությունների հարցում ազատ են, բայց շատ լավ է և մեծ առավելություն է, երբ մասնակիցն ունի դասական կրթություն: Ամբողջ դաշտն ուսումնասիրելուց, մասնագետների և խորեոգրաֆների հետ խորհրդակցելուց հետո սկսեցինք բուն աշխատանքը: Հայտարարեցինք քասթինգ, մասնակիցները բավական շատ էին, որոնցից, ըստ մրցույթի կանոնների, պետք է եզրափակիչ փուլ անցնեին միայն 10-ը, չնայած մեր պարագայում եզրափակիչ փուլում ունեցանք 11 պարող: Փետրվարի 23-ին ուղիղ եթերով եղավ եզրափակիչ փուլը, և հաղթեց Վահագն Մարգարյանը, ով կներկայացնի Հայաստանը պարողների «Եվրատեսիլում»: Ի դեպ, նախագիծը սկսելուց առաջ, երբ ուսումնասիրում էինք մեր պարային աշխարհի հսկաների պատմությունը, իմացանք, որ 50 շնորհալի հայ պարողներ այսօր աշխատում են արտերկրի առաջատար թատրոններում: Պատկերացնո՞ւմ եք, եթե մի օր այդ 50 պարողները գան Հայաստան, մեր բալետը կրկին կթնդա, ինչպես խորհրդային տարիներին:

- Ի՞նչ փուլում են երգի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի նախապատրաստական աշխատանքները:

- Այս պահին մենք ի մի ենք բերում երգերը: Այս տարի որոշել ենք չբարձրաձայնել կոմպոզիտորների անունները, որպեսզի հավասար մրցակցություն լինի: Ուղղակի Գոռը «Դորիանսի» հետ կներկայացնի երգեր, իսկ հանրությունը և ժյուրին պետք է ընտրեն այն երգը, որն իրենց դուր է գալիս:

- Գոհար, Դուք այսօր զբաղվում եք Ձեր սիրած աշխատանքո՞վ, ինչին ձգտում էիք, թե՞ սա ուղղակի աշխատանք է, և Դուք էլ ունենք Ձեր գտնված կամ չգտնված երազները:

- Ես այսօր զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, որը հեռուստատեսային աշխատանքն է, և կապ չունի՝ կադրո՞ւմ, թե՞ կադրից դուրս: Ես այն անում եմ մեծ սիրով և պատասխանատվությամբ: Իսկ երբ ունենամ ընտանիք, երեխաներ, բալանսի մեջ կկարողանամ դնել իմ ընտանիքն ու աշխատանքը, այն ժամանակ էլ կկարողանամ հստակ ասել, թե որն է իմ «գտնված երազը»: