13-ամյա աղջիկը, ում անունը չի նշվում, կրծքգեղձի հսկայական ուռուցք ուներ՝ գնդակի չափ, որը թաքցնում էր շուրջ վեց ամիս:
Ինչպես հայտնում են գիտնականները, որոնց՝ այս դեպքին նվիրված հոդվածը լույս է տեսել BMJ Case Reports ամսագրում, աղջկա ձախ կուրծքը սկսեց շատ արագ աճել, երբ նրա մոտ սեռահասունացում սկսվեց: Երբ նա, ի վերջո, դիմեց Ուելսի կլինիկաներից մեկը, բժիշկները նրա կրծքի մեջ հսկայական ուռուցք գտան՝ 35-ը 20-ի սանտիմետր: Ինչ-որ ձևով աղջիկը կարողացավ թաքցնել ուռուցքը ծնողներից, դպրոցի ուսուցիչներից, և համադասարանցիներից 8 ամիս շարունակ:
Սկզբում գիտնականները սարկոմա կասկածեցին, և մի քանի հետազոտություն անցկացրեցին ռենտգեն, բիոպսիա, արյան անալիզ:
Սակայն անալիզների պատասխանները բացառեցին քաղցկեղը և այդ ժամանակ բժիշկները պսեվդոանգիոմատոզ ստրոմալ հիպերպլազիա ախտորոշեցին՝ բարորակ ուռուցք, որի դեպքում փափուկ հյուսվածքների բջիջները սկսում են շատ արագ աճել:
Քանի որ ուռուցքը շատ մեծ էր, բժիշկները որոշեցին հեռացնել այն:
Սակայն այստեղ մի շարք բարդություններ կային:
Բժիշկները մտավախություն ունեին, որ վիրահատությունը կարող է խանգարել կրծքի հետագա զարգացմանը:
Աղջկան ու նրա ծնողներին հայտնեցին հնարավոր բարդացումների մասին, սակայն նրանք որոշեցին հեռացնել ուռուցքը:
Բավականին բարդ վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրեցին 2.7 կիլոգրամանոց ուռուցքը՝ կարողանալով, միևնույն ժամանակ, պահպանել կրծքագեղձի առողջ բջիջները:
Բժիշկների խոսքով՝ դա ամենամեծ ուռուցքն էր, որը նրանք երբևէ տեսել են երեխայի մոտ:
Աղջկան հետվիրահատական շրջանի ընթացքում բարդություններ ի հայտ չեկան:
Վիրահատությունից արդեն մեկ տարի է անցել, և հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջկա կուրծքը բնականոն կերպով զարգանում է: