esyes.am-ի ընթերցողներն արդեն տեղյակ են, որ փետրվարի 20-ին բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բոլորեց 33 տարին: Ինչպես նախապես պատմել էինք, տարեդարձի օրը նա գտնվում էր Գերմանիայի Քինբաում առողջարանային քաղաքում: Այսօր ներկայացնում ենք խոստացված լուսանկարներն ու մանրամասները Արթուր Աբրահամի տարեդարձի միջոցառումից:
Արթուրը դժվարացավ առանձնացնել տարեդարձի ամենատպավորիչ անակնկալը: «Իմ բոլոր հյուրերը' ընկերներս, մարզական ոլորտի ընկերներս, մարզիչներս տարեդարձիս հաճելի անակնկալներ են մատուցել: Նրանց ներկայությունն իմ տոնին մեծ ուրախություն էր ինձ համար: Շնորհակալ եմ բոլորից, որ իրենց ներկայությամբ պատվեցին իմ երեկոն»,- esyes.am-ին ասաց Արթուրը:

Բռնցքամարտիկը սիրում է նշել տարեդարձերը, քանի որ դա լավ առիթ է ևս մեկ անգամ հավաքվելու, ուրախ ժամանակ անցկացնելու և առօրյայից կտվելու համար: «Մեր օրերի այս արագընթաց տեմպի պայմաններում գոնե միմյանց ծննդյան օրերին պետք է հավաքվենք»,- նշեց Արթուրն ու հավելեց, որ տարեդարձը կա՛մ շատ ճոխ նշելը, կա՛մ ընդհանրապես չնշելը ծայրահեղություն է: -Եղել է տարի, որ մեծաթիվ հյուրեր եմ ունեցել իմ տարեդարձին, եղել է' համեմատաբար քիչ են եղել: Իմ ընկալմամբ, ճոխ տարեդարձն այն է, երբ քեզ շրջապատում են սրտամոտ, հարազատ, սիրելի մարդիկ»:

Չնայած լարված գրաֆիկին և նույնիսկ ծննդյան օրը մարզվելուն' Արթուրը հասցրել է վայելել տարեդարձի երեկույթը: «Պետք է ամեն մարդ փորձի իր տարեդարձին ուրախ լինել և իր ուրախ տրամադրությունը փոխանցել հյուրերին: Եթե ծնվել ես, շարունակում ես ապրել, դա արդեն ուրախություն է, նույնիսկ եթե տարեցտարի մեծանում ես: Ո՞վ չի մեծանում: Ի վերջո, տարիները մեզ իմաստնություն են պարգևում: Պետք է կարողանալ ուրախության ներքին պաշարներից օգտվել և դրանից բաժին հանել քեզ շրջապատողներին: Ինչպես ասում են' ժպտա աշխարհին և աշխարհն էլ քեզ կժպտա: Շնորհակալ եմ «Ես»-ից և բոլորից' շնորհավորանքների և մաղթանքների համար: Նմանապես լավագույնն եմ ցանկանում բոլորիդ»,- եզրափակեց Արթուր Աբրահամը: