Ուկրաինական «X Factor»-ի մասնակից Սևակ Խանագյանին Հայաստանում հետևում եմ մեծ հետաքրքրությամբ: Սևակի բոլոր ելույթները հաջորդ իսկ օրը դառնում են հայկական համացանցի հերթական իրադարձությունը: Սևակի մեջ հայ հանդիսատեսը ամենաշատը սիրեց նրա հայեցի պահվածքն ու բրուտալ կերպարը, որն, անկասկած, նրա հաղթաթուղթն է ոչ միայն կյանքում, այլ նաև բեմի վրա:
Ռուսական «Главная сцена», «Голос», իսկ ներկայումս՝ ուկրաինական «X factor»-ի հայազգի մասնակից Սևակ Խանագյանի հետ BlogNews.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել, որն, ի դեպ, հայկական մեդիայի համար Սևակի առաջին հարցազրույցն է:
Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու պատճառների, մրցույթներին մասնակցելու առավելությունների, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու նպատակի ու ընտանեկան կյանքի մասին Սևակ Խանագյանի հետ մեր մտերմիկ զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- Բարև, Սևակ։ Հայաստանում քեզ շատ են սիրում, գիտե՞ս։
- Այո, նկատել եմ :) Իրականում շատ մեծ աջակցություն եմ զգում վերջերս: Անչափ շնորհակալ եմ ձեզ դրա համար:
- Կպատմե՞ս քո մասին։ Ինչպե՞ս եղավ, որ Հայստանից տեղափոխվեցիք ընտանիքով, քանի՞ տարեկան էիր, ի՞նչ կրթություն ես ստացել ու ինչպե՞ս որոշեցիր երաժիշտ դառնալ։
- Ծնվել եմ 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Ապրել եմ այնտեղ մինչև 7-րդ դասարան, իսկ հետո ծնողներիս հետ միասին տեղափոխվել եմ Մոսկվա: Տեղափոխության պատճառը հորս աշխատանքն էր: Երաժշտությամբ ապրում եմ արդեն 7 տարի: Սկզբնական կրթությունս ստացել եմ Մեծավան գյուղի երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտել եմ Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը: Այնուհետև՝ ավարտել եմ Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:
- Բավականին հեղինակավոր մրցույթների ես մասնակցել և այժմ էլ մասնակցում ես: Ի՞նչ է քեզ դա տալիս։
- Իմ մասնակցությունը մրցույթներին, որպես մինիմում, ինձ մեկ քայլ մոտ է դարձնում իմ հանդիսատեսին, ում ես ձեռք եմ բերում հենց այդ մրցույթների շնորհիվ: Դա հրաշալի հնարավորություն է ստեղծագործական ներուժդ դրսևորելու և լսելի դառնալու համար: Վերջիվերջո, եթե չլինեին այդ մրցույթները, ապա այս պահին Դուք ինձ հետ հարցազրույց չէիք անի :) Դե... հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ:)
- Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում, ի՞նչ գիտես հայրենիքիդ մասին, արդյոք պլանավորո՞ւմ ես առաջիկայում այցելել Հայաստան։
- Վերջին անգամ Հայաստանում եղել եմ այս ամռանը: Ինչպես ցանկացած մարդ, ով սիրում ու հպարտանում է իր հայրենիքով, ես ևս իմ հայրենիքի մասին գիտեմ ամեն ինչ, սակայն գերադասում եմ լռել իմ զգացմունքների մասին, որովհետև այս պահին չեմ կարողանում արտահայտել այն խոսքերը, որոնք իրականում կցանկանայի ասել: Դա երկար պատմություն է... Պլանավորում եմ և հույս ունեմ, որ մոտ ժամանակներս ավելի հաճախ կլինեմ ԻՄ հայրենիքում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյոր կայքում: