Արդեն մի քանի տարի է, ինչ հեռուստաէկրաններին է «Ամենից Ամենա» ծրագիրը: Life.Panorama.am-ը զրուցել է ծրագրի հեղինակ և վարող Լիաննա Տեր-Մինասայանի հետ' «Ամենից Ամենա»-ի հաջողություն, իր նախասիրությունների և անձնական կյանքի մասին:

 

Մեզ հետ զրույցում Լիանան նշեց, որ թեև այս պահին «Ամենից Ամենա»-ն հեռարձակվում է ԱրմՆյուզ հեռուստաընկերությամբ, բայց այն եղել է ԱԹՎ հեռուստաընկերության ամենաառաջին նախագծերից մեկը: Խոսելով ծրագրի երկարակյացությունից' հաղորդավարուհին նշեց, որ ինքն անձամբ չի հոգնել դրանից և շարունակում է նույն հետաքրքությամբ աշխատել յուրաքանչյուր թողարկման վրա. «Քանի որ ասպարեզում անընդհատ նոր մարդիկ են հայտնվում, և նոր թեմաներ են առաջ գալիս, ամեն անգամ ծրագրին նորովի եմ վերաբերում: Բացի դրանից, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ «Ամենից Ամենա»-ն համարվում է իսկապես կայացած ծրագրերից մեկը»,- ասաց Լիաննան' ավելացնելով, որ որևէ երկրում նմանատիպ ձևաչափով հաղորդում չկա:

 

Հաղորդավարուհու խոսքով' ծրագրի յուրաքանչյուր թողարկման ստեղծումը թիմային աշխատանքի և մի քանի օրերի երկարատև ուսումնասիրությունների արդյունք է: Իսկ փորձելով առանձնացնել ծրագրի' իր համար ամենասիրելի և տարօրինակ թեմաները, Լիաննա Տեր-Մինասյանը մանրամասնեց. «Քանի որ ես նաև կոնկրետ իրադարձություններին եմ անդրադառնում, որպես տպավորիչ թողարկում կնշեմ, օրինակ, հայկական КВН-ին նվիրված թողարկումը: 2013թ.-ն, երբ լրանում էր հայկական КВН-ի 20-րդ տարեդարձը, «Ամենից Ամենա»-ն անդրադարձավ թիմի' ողջ աշխարհով սփռված մասնակիցներին, այն մարդկանց, ովքեր այսպես ասած КВН-ի «դեմքերն» են եղել: Տվյալ ծրագրի շրջանակներում ներկայացվեց, թե նրանցից յուրաքանչյուրն ինչով է զբաղված, ինչ գործունեություն է ծավալում և այլն: Կարող եմ ասել, որ այս թողարկումը ամբողջովին այլ ձևաչափով էր, ինչը, սակայն ևս շատ հետաքրքիր էր: Իսկ որպես տարօրինակ թեմա, այս պահին չեմ կարող վերհիշել, փոխարենը կնշեմ, որ ժամանակ առ ժամանակ զարմացնող կերպարներ են լինում»,- ժպիտով պատմեց հաղորդավարուհին:

 

Հետաքրքրվելով, թե հաղորդումից զատ, ինչ այլ նախասիրություններ ունի Լիաննա Տեր-Մինասյանը, հաղորդավարուհին նշեց. «Թեև ծրագրի պատրաստումը ինձանից շատ մեծ ժամանակ է խլում, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ մնացած ժամանակս անցկացնել ընկերներիս հետ, անընդհատ փորձում եմ հետաքրքիր ինչ-որ բաներ որոնել, կլինի դա թե համացանցում, թե դրանից դուրս, ինչպես նաև ազատ ժամանակ երաժշտություն եմ լսում, գիրք կարդում և այլն: Նշեմ նաև, որ ինձ համար ապրելակերպի պես մի բան է դարձել նաև այն, որ ամեն առավոտ 15-ից 20 րոպե ես հատկացնում եմ յոգայի որոշ մարմնավարժություններին»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։