Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը չեն ընդգրկել «Օսկար» մրցանակի «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ստեղծագործական խումբը հանդես է եկել հայտարարությամբ: «Известия» կայքին տված հարցազրույցում ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատմել է ֆիլմի և «Օսկարին» չառաջադրվելու մասին։

 

«Հուսամ, որ պատճառը սխալ լրացված փաստաթղթերն էին։ Իհարկե, մենք բողոքարկել ենք։ Բայց շանսերը քիչ են։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ «Օսկարի» ժյուրին եւս մեկ անգամ հավաքվի «Երկրաշարժի» համար։ Մեզ ասել են, որ պատճառը ֆիլմում հայտնված ռուսների քանակն է։ Ձեւակերպումն իրոք այդպիսին է։ «Օսկարի» կանոնակարգում կա կետ, որում ասվում է, որ ստեղծագործական ֆիլմի հսկողությունը պետք է իրականացնեն այն երկրի քաղաքացիները, որոնք ներկայացնում են հայտը։ Սակայն այդ դրույթում նշված չէ տոկոսային հարաբերակցությունը։ Ֆիլմի վրա աշխատող սցենարիստները, պրոդյուսերները եւ կոմպոզիտորը Հայաստանից են։ Դերասանների մեծ մասը նույնպես հայեր են։ Անխոս, այստեղ կա քաղաքական որոշման տարր։ Ես գրեթե վստահ եմ, որ եթե կոլեկտիվի մի մասը լիներ ոչ թե ՌԴ քաղաքացիներ, այլ, օրինակ, Էստոնիայի, ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնի։

 

Ռուսաստանին պատժում են Հայաստանի միջոցով։ Հայաստանը շատ հազվադեպ է ֆիլմեր ուղարկում «Օսկարի»։ Կարծես թե 4 դեպք է եղել։ Բնականաբար, սխեման մշակված չէր, եւ փաստաթղթերում կարող էին տեխնիկական սխալներ լինել։ Ինձ թվում է, որ «Օսկարի» հանձնաժողովն ուղղակի օգտվել է դրանից»:

 

Մեր ֆիլմը հարգանքի տուրք է զոհերին, Հայրենիքին և այն միասնությանը, որը կար նախկինում։ Հենց այդ պատճառով էլ «Օսկարի» հանձնաժողովի ձեւակերպումը վիրավորական է։ Ի՞նչ է նշանակում, նկարահանող խմբում շատ են ռուսները։ Իսկ ո՞վ մեզ օգնության եկավ, երբ 25 հազար մարդ հողի տակ անցավ։ Ամբողջ ԽՍՀՄ–ը՝ մեծամասամբ ռուսախոս մարդիկ։ Դրանք ռուսներ էին, վրացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ... ով ինչպես կարող էր օգնեց։ Այնպես որ այդ ձեւակերպումն ի սկզբանե անտեղի է, եւ եթե ազնիվ լինենք՝ վիրավորական»,– նշել է ֆիլմի ռեժիսոր Ասրիկ Անդրեասյանը: