Asekose.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու DJ DONZ-ին: Վերջինս երևանյան ակումբային կյանքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով գրեթե միշտ մասնակցություն է ունենում ակումբային ամենահայտնի միջոցառումներին: Asekose.am-ը զրուցել է DJ Donz-ի' Արսեն Բեկեչյանի հետ, վերջին ստեղծագործական նորությունների, ակումբային կյանքի մասին և ոչ միայն:
-Ե ՞րբ և ինչո՞ւ որոշեցիք զբաղվել DJ-ինգով:
-Արդեն 7 տարի է, ինչ զբաղվում եմ DJ-ինգով: Ամեն ինչ սկսվեց այսպես. 6 տարեկան էի, երբ ծնողներս ինձ հայկական և արտասահմանյան ձայնագրություններով նվագարկիչ և ձայներիզներ նվիրեցին: Այդ ժամանակվանից սկսեցի լսել Լուչիանո Պավարոտտի, Ջեյմս Բրաուն, Շառլ Ազնավուր, որոնց երգերն անչափ սիրում եմ: Լսում էի ջազ, բլյուզ, ֆանկ ոճերի երաժշտություն: Այսպես առաջացավ սերը դեպի երաժշտություն, իսկ հետագայում արդեն ակումբային երաժշտությունն ինձ համար դարձավ էլ ավելի հոգեհարազատ: Սկսեցի ուսումնասիրել ակումբային կյանքը, ինչպես նաև հետևել տարբեր DJ-ների աշխատանքներին: Այնուհետև ցանկություն առաջացավ ստացածս գիտելիքները կիրառել և զբաղվել DJ–ինգով, քանի որ DJ դառնալն ինձ համար մանկական երազանք էր: Այսօր ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և չեմ պատկերացնում օրս'առանց ակումբային երաժշտության:
-DJ լինելուց բացի այլ մասնագիտություն ունե՞ք:
-Երկրորդ մասնագիտությամբ բժշկական տեխնիկայի մասնագետ եմ: Այժմ այդ մասնագիտությամբ չեմ աշխատում, և ժամանակս նույնիսկ չի ներում, որպեսզի փոքր-ինչ վերանայեմ ստացածս գիտելիքները: Չնայած երկու մասնագիտություններս էլ սիրում եմ, բայց նախապատվությունը տալիս եմ ինձ համար արդեն ապրելակերպ դարձած աշխատաքին՝ DJ-ինգին:
-Երաժշտական կրթություն ունե՞ք:
-Ես որոշակի երաժշտական դասընթացներ եմ անցել ընկերոջս մոտ: Այսինքն' կարևորագույն դասընթացներից մի քանիսը, որոնք վերաբերում են կոնկրետ երաժշտություն ստեղծելուն: Իմ կարծիքով' էլեկտրոնային deep tech techno երաժշտություն ստեղծելու համար կարևոր են կրթությունը, երևակայությունը, լսողությունն ու ճաշակը:
-Առաջիկայում ի՞նչ նորությունների կարելի է սպասել DJ DONZ-ից:
-Առաջիկայում ծրագրերը շատ են: Պատրաստվում եմ նոր գործեր գրել թե' հայ, թե' օտարերկրյա արտիստների հետ, դրանից բացի սպասվում են նաև նոր ձայնասկավառակներ, նոր պրոդյուսինգ ու նոր որակ: Պարզապես ունեմ ժամանակի խնդիր, քանի որ գրեթե ամեն օր մասնակցում եմ այս կամ այն միջացառմանը: Այժմ էլ կան մի շարք անավարտ նախագծեր, որոնք պատրաստվում եմ իրագործել, սակայն չեմ ուզում խոսել, թերևս, դա թող անակնկալ մնա:
-Իսկ որքանո՞վ է ակտուալ DJ-ի մասնագիտությունը մեր երկրում, և ինչպես պետք է զարգացնել ակումբային էլեկտրոնային երաժշտության մշակույթը:
-Ունենք շատ տաղանդավոր DJ-ներ, բայց նրանք գումար են վաստակում կորպորատիվ միջոցառումների շնորհիվ, իսկ դրանք, թերևս, մասնագիտական զարգացման ամենաճիշտ վայրը չեն: Որպես կանոն' դրանք հարսանյաց կամ նմանատիպ այլ միջոցառումներ են: Ներկա պահին էլեկտրոնային երաժշտության սիրահարների և մելոմանների համար մենք կազմակերպում ենք շարունակական որակյալ ակումբային երաժշտական միջոցառումներ, որտեղ հիմնականում հնչում է deep house, tech house, techno ոճի երաժշտություն, հրավիրում ենք արտերկրից DJ-ների: Այս պահին ունենք երեք նախագիծ (Area 51, Urban trips. Electronic Thursdays), որոնք զարգացնում են ակումբային ոլորտը և քարոզում են ակումբային որակյալ երաժշտություն:
-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօր հայաստանյան DJ-ինգը: Արդյո՞ք դրա համար Երևանում կա համապատասխան շուկա, և արդյո՞ք նկատվում է զարգացում:
Հաշվի առնելով, որ տվյալ պահին Երևանում ակումբներ գրեթե չկան, կարող եմ նշել, որ շուկան ցավալի վիճակում է, և զարգացումը շատ դանդաղ է ընթանում' հատկապես, երբ համեմատում ենք հարևան երկրների հետ: Նույն Վրաստանում ակումբային կյանքը շատ արագ զարգացավ: Այնտեղ ելույթ են ունենում աշխարհի ամենահայտնի արտիստները, տեղի են ունենում էլեկտրոնային մեծ երաժշտական փառատոններ: Հարկ է նշել, որ Վրաստանում նմանատիպ միջոցառումները կայանալու հարցում մեծ լումա ունի երկրի ղեկավարությունը, ինչը պետք է լինի նաև մեր երկրում, որպեսզի մշակույթը և տուրիզմը զարգանան: Ինչ վերաբերում է մեր երկրին, կարծում եմ'առաջընթացը տեղի կունենա այն դեպքում միայն, երբ մարդիկ սկսեն աշխատել թիմային և ձգտումով: Կցանկանայի նաև, որ փոխվեր մարդկանց վատ կարծիքը ակումբների մասին, մարդիկ այցելեին ակումբ լիցքաթափվելու և լավ երաժշտությունը գնահատելու համար: Թեև դեռ կա ակումբասերների և մելոմանների մի զանգված, որն իր գնահատանքով հույս է ներշնչում: Հուսով եմ, որ կատարած աշխատանքներս անարդյունք չեն մնա:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: