Սիրել ընկերոջդ, գործդ, հայրենիքդ: Սիրել ամեն բան անկոտրում սիրով: Հայ երիտասարդ ռեժիսորի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը իրական սիրո մասին է: Լիա Քոչարյանը ոգեշնչվել է գործընկերոջ կյանքի հետաքրքիր պատմությունից: Պատմություն, որի էկրանավորումը հաջողություն բերեց նրան: Այժմ ֆիլմը մասնակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող հեղինակավոր «GLENDALE INTERNATIONAL FILM FESTIVAL 2016» փառատոնին և առաջադրված է երեք անվանակարգերում` «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի»: 

 

«Կարմիր ծաղիկ մը գարունի» կարճամետրաժ ֆիլմը նվիրված է հայ մեծանուն գրող Միսաք Մեծարենցի 130-ամյակին և կրում է նրա հայտնի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ստեղծագործության անվանումը: MediaMall.am-ի թղթակիցը զրուցել է Լիա Քոչարյանի հետ` ֆիլմի ստեղծման, գաղափարի, դերասանների ընտրության և այլ թեմաների շուրջ:

 


-Լիա, ի՞նչ պատմություն է Ձեզ ոգեշնչել այս ֆիլմը ստեղծելու համար և ինչո՞ւ այն անվանեցիք «Կարմիր ծաղիկ մը գարունի»:

 

-Կոլեգա ընկերներիցս մեկը մի օր, երբ սրտնեղած և անտրամադիր աշխատանքի եկավ, փորձեցի ճշտել նրա հոգեվիճակի պատճառը: Երկար ժամանակ մի հայ աղջկա հետ էր շփվում համացանցով, ով Մոսկայում էր ապրում, Հայաստանում չէր եղել, բայց մեծ երազանք ուներ տեսնել իր հայրենի երկիրը: Տղան իրականացրեց աղջկա երազանքը, իհարկե սկզբում համացանցի միջոցով` վիրտուալ ձևով ուղեկցելով նրան Հայաստանի գեղեցիկ և պատմամշակութային վայրեր, դառնալով և՛ գիդ,և՛ լուսանկարիչ և՛ թե ուղղակի ուղեկցող : Պատմությունն ինձ շատ ոգևորեց և ես ընդհատեցի կոլեգայիս. չէի ուզում լսել տխուր վերջաբան, իմ ֆիլմը արդեն ուներ իր երջանիկ ավարտը: Իսկ թե ինչու հենց «Կարմիր ծաղիկ մը գարունի», որովհետև անվանումը կապված է գլխավոր հերոսուհու կերպարային խառնվածքի հետ. գեղեցիկ, ինչպես վարդի թերթիկ, բայց զգայուն, ինչպես վարդի փուշ: 

 

-Լիա, ովքե՞ր են գլխավոր հերոսները և ինչպես ընտրեցիք նրանց:

 

-Դերասանների ընտրության հարցում երկար չեմ մտածել: Ծանոթ լինելով գլխավոր հերոսներիս ներքին խառնվածքին և հոգեվիճակին` անկասկած այլ տարբերակներ չէի որոնում: Ֆիլմի օպերատորը Արսեն Մաթևոսյանն է (ով ի դեպ ծնվել և մեծացել է Հոլիվուդում և ավարտել է Հոլիվուդի կինոստուդիան), դերասանները՝ Հռիփսիմե Սահակյանն ու Արա Թևոսյանն են, իսկ պրոդյուսերը Տիրան Հայրապետյանն է:

 

 

-Սա Ձեր առաջի՞ն ֆիլմն է, որ նման փառատոնի է մասնակցում:


-Իմ առաջին ֆիլմը եղել է դիպլոմային աշխատանքս, որից հետո նկարահանել եմ մանրապատումներ, դրանք հեռարձակվել են եթերներով և նույնպես մասնակցել փառատոնների: Մանրապատումներից հետո 2014 թ. սկսել եմ զբաղվել «Կարմիր ծաղիկ մը գարունի» կարճամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներով: 2015 թ. այն մասնակցել է «Արտ Ֆեստ» Միջազգային երիտասարդական Բաց փառատոնին, ցուցադրվել` «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին:

 

2016 թ.սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆիլմս մասնակցում է "GLENDALE INTERNATIONAL FILM FESTIVAL 2016"-ին, և ցուցադրվում է "MGN FIVE STAR CINEMA"-ում:

 

 

-Լիա, Ձեր ֆիլմը միաժամանակ երեք անվանակարգերում է ընդգրկված, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ո՞ր անվանակարգում կուզենայիք հաղթող ճանաչվեր այն:


-Անկեղծ ասած, երբ ֆիլմ եմ ներկայացնում որևէ փառատոնի, ոչինչ չեմ ակնկալում: Երբ քո արած աշխատանքը ներկայացնում ես հանրությանը, մանավանդ` նման հեղինակավոր կինոփառատոններին, արդեն իսկ մեծ հաջողություն է, երբ մարդիկ հնարավորություն ունեն գնահատել քո չարչարանքը, իսկ դա շատ կարևոր է ստեղծագործ մարդու համար, որպեսզի մշտապես աճես և վեր բարձրանաս: Լսելով փառատոնի ժյուրիից և հանդիսատեսից դրական արձագանքներ` հնարավոր չէ լավ ակնկալիքներ չունենալ: Անկեղծ ասած, չեմ մտածում հաղթանակի մասին, սակայն առաջին` «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում կուզենամ հաղթանակ ունենանք, քանի որ առանց ֆիլմի չէին լինի մյուս երկու անվանակարգերը:

 

-Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ինչպե՞ս անցան, կա՞ հետաքրքիր պատմություն, որ կադրից դուրս է մնացել և որ կհետաքրքրի կինոդիտողին:

 

-Երբ գնացինք նկարահանման վայր`ֆիլմում այն այգին, որտեղ տղան և աղջիկը քայլում են և տղան վարդ է նվիրում աղջկան, մենք այդ վարդը մոռացել էինք տաքսիի մեջ, և քանի որ այդ նույն վարդը նկարվել էր նաև նախորդ տեսարաններում (դա կհասկանան նկարահնման հետ կապ ունեցող մարդիկ), և որպեսզի կիքս չունենանք ֆիլմում, ստիպված սկսեցինք ամբողջ քաղաքով փնտրել այդ նույն տաքսին, որպեսզի վերադարձնեինք ծաղիկը, և փառք Աստծուն, վարորդը վերադարձրեց մեր կարմիր ծաղիկը գարունի: (Ծիծաղում է)

 

 

Վաղն արդեն` հոկտեմբերի 7-ին, հայտնի կդառնա, թե որ անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆիլմը: MediaMall.am-ը երիտասարդ ռեժիսորին մաղթում է հաղթանակներ և ստեղծագործական նոր հաջողություններ:

 

Ֆիլմի թրեյլերը.

 

Զրուցեց` Նելլի Ալեքսանյանը