Life.panorama.am-ի այսօրվա զրույցակիցն է դերասանուհի Էթերի Ոսկանյանը, ով վերջին տարիներին հայկական հեռուստասերիալների ամենշատ հանդիպող դերասանուհիներից է:

 

Նրան հեռուստադիտողը շուտով կտեսնի «Մեղրամիս» հեռուստասերիալում, որի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

 

«Հեռուստասերիալը սիրո մասին է: Այստեղ մի քանի սիրո պատմություններ են ցույց տրվելու, որոնցից մեկում ես եմ ներկայանալու. Սեր, դրանից բխող շատ գեղեցիկ տեսարաններ, միաժամանակ դավաճանություն, ստորություն, ցավ, մեկ բառով զգացմունքներ, որն ունենում է յուրաքանչյուր կին՝սկսած 15 տարեկանից. այս ամենը շատ դիպուկ է ներկայացված «Մեղրամիս»-ում, որի ականատեսը կլինի հեռուստադիտողը: Կարծում եմ՝ մեր օրերում սիրո պակաս ունենք, որի կարեւորությունը այս ֆիլմում կտեսնենք»,- խոսելով հեռուստասերիալից՝ նշեց դերասանուհին, ապա խոսեց իր մարմնավորած հերոսուհու մասին.

 

«Կերպարս շատ բարի, բայց նաեւ ուժեղ ու կամքի տեր է: Նա մեծացել է մանկատանը, սակայն այնտեղ հայտնվել է ծնողների մահվան պատճառով: Իսկ մեծանալով մանկատանը՝ հասկացել է, թե ինչքան սիրո պակաս ունեն այնտեղի երեխաներն ու որոշել է մնալ եւ որպես դաստիարակ աշխատել: Իսկ հետո սիրահարվում է իր կարծիքով շատ լավ տղայի, ով դավաճանում է իրեն, որից հետո էլ հերոսուհիս հիասթափվում է բոլոր տղամարդկանցից: Իմ կերպարը երկու սիրո գիծ է ունենալու այս սերիալում, ավելի ուշ նա հանդիպում է մեկ այլ տղայի ու կրկին սիրահարվում»,- նշեց Էթերին՝ հավելելով, որ իր խաղը զարգանալու է դերասաններ Սուրեն Առուստամյանի եւ Ռուբեն Մուրադյանի հետ:

 

«Ուրախ եմ, որ խաղընկերներիս հարցում բախտս բերել է. Սուրենի հետ աշխատել եմ «Անուրջներ» հեռուստասերիալում, նրա հետ շատ հարմարավետ եմ զգում ինձ, դե իսկ Ռուբենն ինձ համար հայտնություն է, ում հետ կրկին շատ հաճելի է խաղալ»:

 

Էթերի Ոսկանյանը վերջին ամիսներին նկարահանվել է նաեւ հայ-ամերիկյան արտադրության «Քավորը» հեռուստասերիալի համանուն ֆիլմում, որի պրեմիերան օրերս կկայանա ամերիկյան կինոթատրոններում: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ մեծ հաճույք է ստացել այդ ֆիլմում նկարահանվելիս.

 

«Նախ ինձ համար ուղղակի պատիվ էր մեկ նկարահանման հրապարակում հայտնվել ու միասին խաղալ Լեւոն Շարաֆյանի, Ալլա Թումայնաի, Զոհրաբ Բեկ-Գասպարենցի, Արթուր Դարբինյանի հետ: Ուրախ եմ, որ ամիսներ առաջ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ այս ֆիլմում, որի տեխնիկական ու սցենարային որակի, ինչպես նաեւ անձնակազմի մասին անիմաստ է խոսել, այն շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում: Ինձ համար այս աշխատանքը մեծ փորձ էր որպես դերասանուհի»,- նկատեց նա:

 

Անդրադառնալով իր կերտած դերերին ու նկատելով, որ նա գրեթե միշտ նույնանման դերերով է հանդես գալիս, նշեց.

 

«Աշխարհում է ընդունված՝ ռեժիսորները դերասաններ ընտրելիս փորձում են դերերը համապատասխանեցնել նրանց արտաքինին, քանի որ արտաքինն ինքնին արդեն կերպար է կերտում: Շատ հազվադեպ է պատահում, երբ ռեժիսորը գնում է ռիսկի ու օրինակ բարի դեմքով դերասանին բացասական կերպարով ներկայացնում: Կարծում եմ՝ իմ պարագայում եւս այս գործոնն է աշխատում: Մյուս կողմից դերասանի համար շատ հաճելի է իրարից տարբերվող կերպարներ կերտել. ինձ հետաքրքիր է, թե հանդիսատեսն ինչպես ինձ կընդունի բացասական դերով»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: