Դուք ծանոթացել եք ընդհանուր ծանոթի միջոցով։ Արդեն մի քանի ժամ հետո դու գիտեիր, որ նա քոնը պետք է լինի, որովհետև նա քո կյանքի տղամարդն է։ Դուք կռվում ու հաշտվում էիք, փորձել եք մեկընդմիշտ մոռանալ միմյանց, հետո ընկերություն անել, պահպանել ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ… Ու այս ամենից ոչինչ դուրս չի եկել, որովհետև մի բան դու հաստատ գիտես. առանց նրա կյանքը կյանք չէ։ Սակայն հերթական անպտուղ հաշտեցման փորձից հետո դու անսպասելիորեն հասկացար, թե ինչի են նման ձեր հարաբերությունները։ Դա կախվածություն է։ Կախվածություն, որի ախտանշանները նման են ցանկացած այլ կախվածության՝ ալկոհոլային, թմրանյութերից, նիկոտինային… Իսկ կախվածության դեմ պետք է պայքարել։ Սկսենք տեսական հիմքից, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչի դեմ պետք է պայքարեք։
– Ցանկացած կախվածություն զարգանում է միևնույն սցենարով։ Սկզբնական փուլում մարդը էյֆորիայի հասնող զգացողություններ է ունենում և հավատում է, որ ինչ-որ բանի համար դա շատ լավ է ու օգնում է հաճույք ստանալ, թուլանալ, անկաշկանդ շփվել մարդկանց հետ, մոռացության մատնվել…
– Սովորություն դառնալու փուլին հաջորդում է հաջորդը՝ լավ զգացողությունները վերադարձնելու փորձի փուլը։ Կախվածության բոլոր բացասական կողմերն արդեն աակնհայտ են, բայց հիշողությունները համառորեն ստիպում են քեզ ուրվականային հաճույքների հետևից ընկնել։ Եթե միևնույն ձևաչափը կիրառենք հարաբերությունների վրա, ապա կստացվի, որ սկզբում դու երջանիկ ես, որ քեզ սիրում են, քեզ տենչում են, ու դու հիացմունք ես առաջացնում, ընդ որում՝ ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ հենց այն տղամարդու, ով ցնցել է քո երևակայությունը։ Հետո դու արդեն սկսում ես փորձել վերադարձնել բոլոր այդ զգացողությունները՝ ի հեճուկս տրամաբանության ու բանականության փաստարկներին։ Բա ո՞ւր մնաց սերը, կհարցնես դու։ Ի՞նչ կապ ունի այս ամենը, եթե սիրում ես, ու որքան ավելի շատ հոգեղեն ճիգեր ես գործադրում, այնքան ավելի ես սիրում։ Սակայն արի անկեղծ լինենք՝ արդյոք դա քեզ երջանկություն է պարգևում։
Եվ այսպես, ի՞նչ է պետք անել։ Ցանկացած գրավաճառի մոտ կարելի է գտնել բազմաթիվ բրոշյուրներ, թե ինչպես կարելի է թողնել ծխելը, խմելը, ուտելը և սիրելը, բայց, չգիտես ինչու, այն մարդկանց թիվը, ովքեր ձերբազաատվում են այս կամ այն կախվածությունից մեկընդմիշտ, խիստ փոքր է։ Հարցրու՛ կախվածություն ունեցող ցանկացած մեկից, թե արդյոք նա հաճույք է ստանում նրանից, ինչից ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել։ Ուրախանո՞ւմ է արդյոք ծխողը սիգարետի զզվելի համից ու հոտից։ Իհարկե ո՛չ։ Բայց փորձի՛ր ստիպողաբար բաժանել ծխողին ծխախոտից, ու նա կենաց-մահու պայքար կծավալի քո դեմ՝ հանուն ծխախոտի։ Հիմա նույնականացում արա քո իրավիճակի հետ և կտեսնես, որ միակ ձևը դեստրուկտիվ հարաբերությունները խզելու համար ինքդ այդ եզրահանգման գալն ու գործելն է։ Տեսականում ամենը պարզ է, բայց ինչպե՞ս իրականություն դարձնել տեսությունը։
Քայլ 1.
Իրավիճակին օբյեկտիվ հայացքով նայիր: Դու արդեն հասուն, խելացի ու ինքնուրույն աղջիկ ես։ Դու չես ապրում Սանտա Բարբարայում, ոչ էլ Դյումայի վեպում։ Եթե տղամարդն ուզենար լինել քեզ հետ ու համապատասխաներ քեզ, ապա դուք միասին կլինեիք առանց այս գերմարդկային ճիգերի էլ։ Մնացած ամեն ինչը դու ինքդ ես հորինել։
Քայլ 2.
Դադարեցրու ռոմանտիզացնել նրան: Իհարկե, սիրահարված կնոջ աչքերը նման են գեղեցիկ հայելու, որում ժլատությունը երևում է որպես տնտեսողություն, ալարկոտությունը՝ սիրելիի հետ հավելյալ ժամանակ գտնելու միջոց։ Սակայն փորձիր իրավիճակին նայել այն մարդկանց աչքերով, ովքեր լավ ճանաչում են երկուսիդ էլ։ Լսի՛ր, թե ինչ են ասում նրանք։ Եթե նրանք միաբերան պնդում են, որ ալարկոտությունն ու ագահությունն ամենևին էլ տնտեսողություն ու ժամանակի պլանավորում չեն, գուցե այդպես էլ կա՞։ Մի պահ թեկուզ թու՛յլ տուր քեզ հավատալու դրան և դու շատ նոր բաներ կիմանաս սիրելիիդ մասին։
Քայլ 3.
Դադարի՛ր վերագրել նրան բաներ, որոնք նա չի ասել ու չի արել: Փորձի՛ր ամեն ինչ ընկալել որպես այդպիսին։ Եթե տղամարդն ասում է, որ դու հիանալի տեսք ունես, ապա դա պարզապես կոմպլիմենտ է, այլ ոչ թե սիրո խոստովանություն ու առավել ևս՝ ամուսնության առաջարկություն։ Անջատի՛ր երևակայությունդ, որքան էլ որ գեղեցիկ լինեն դրա նկարած պատկերները։
Քայլ 4.
Դու պետք է փոխես վերաբերմունքդ ինքդ քո հանդեպ: Այսքանից հետո քեզ սպասվում է ամենաերկար ու բարդ փուլը։ Արի ազնիվ լինենք. ամենից հաճախ աղջիկները, ովքեր հայտնվում են նման կախվածության մեջ, այդքան էլ ինքնավստահ չեն։ Նրանց պարտադիր պետք է, որ նրանց կողքին տղամարդ լինի, թեկուզ վատը, բայց լինի, որովհետև դա նրանց համար կայացածության պատրանք է ստեղծում։ Սակայն դու էլ հո գիտես, որ նման դիրքորոշումը երջանկություն չի բերում, ուստի մի քիչ խրո՛խտ եղիր ու խոստացի՛ր ինքդ քեզ չհավասարվել ուրիշներին։ Ապրի՛ր քեզ համար այնպես, ասես ոչ մի տղամարդ էլ չկա կողքիդ ու երբեք էլ չի լինի։ Խորացի՛ր նոր գործերի, պրոյեկտների, ծանոթությունների մեջ։ Ինչ-որ նպատակ դի՛ր առջևդ ու հասի՛ր դրան։ Դու քեզ շատ ավելի լավ կսկսես զգալ, եթե սովորես հպարտանալ ինքդ քեզանով ու վայելել կյանքը անկախ տղամարդու սիրել-չսիրելուց։ Ի դեպ, նման հոգեվիճակում էլ, որպես կանոն, հայտնվում է այն միակն ու անկրկնելին, ով իրականում քեզ պետք է, բայց դա այլ պատմություն է…
Քայլ 5.
Երկար ժամկետով դադարեցնել ցանկացած տիպի շփումները նրա հետ: Եթե դու հասել ես այս փուլին, նշանակում է, որ դու արդեն պատրաստ ես գիտակցաբար ձերբազատվել քո կախվածությունից։ Առնվազն կես տարով պետք է խուսափել ցանկացած տիպի հարաբերություններից նախկինիդ հետ։ Կարճ հաղորդագրություններից, ինտերնետային շփումից ու այլ նմանօրինակ բաներից ձերբազատվում եք առաջին հերթին։