Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է անհավատարմությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց, քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում: Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են, և այստեղ է հարց առաջանում' ինչո՞ւ:

Դավաճանություն

Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց չէ՞ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդրդի դավաճանության: Եվ այսպես'

1. Սեռական կյանքում անբավարարվածությունը: Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում:

2. Կենցաղային խնդիրները: Մինչամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը «Ես քեզ սիրում եմ» նախադասության փոխարեն կարող է լսել «ծորակը վերանորոգեցի՞ր», «հեռուստացույց նայելու փոխարեն արի՛ պահարանի դուռը վերանորոգիր» կամ «վերջապես տան խնդիրներով զբաղվի՛ր» նախադասությունները:

3. Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանանց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը կամ պարզապես «արգելված պտուղից» օգտվելը:

4. Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ, «կուշտ» լինելով ընտանեկան կյանքից, զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել:

5. Փորձը: Ամուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են, և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում:

6. Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի:

Դավաճանություն

7. Կնամոլությունը: Կինը, որն ուզում է ամուսնանալ մեկ անգամ և ամուր ընտանիք ստեղծել, շատ բարդություններ կունենա, եթե կնամոլ տեսակի տղամարդու հետ համատեղի կյանքը: Որպես կանոն' այս տեսակի տղամարդուն հանդիպելիս կինը մտածում է, որ սիրելին անհաջող կանանց է հանդիպել, և այսուհետ ամեն ինչ այլ կերպ կընթանա... բայց' ոչ: Կնամոլ տղամարդը երբեք չի փոխվում, գուցե որոշակի ժամանակ նա լինի զուսպ, բայց դա անցողիկ է: Այս դեպքում կա՛մ կինը պետք է համակերպվի ամուսնու կնամոլության հետ (մինչև ամուսնությունն էլ կնամոլները բացահայտում են իրենց ), կա՛մ հույս ունենա, որ մի օր նա կփոխվի:

8. Վատ դաստիարակությունը: Տղա երեխայի համար, ով մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը և մայրը անտեսում է այդ փաստը, անհավատարմությունը կարող է ընտանեկան մոդել դառնալ: Մեծանալով' նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից:

9. Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության:

10. Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները որպես հայր, իսկ որպես տղամարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում:

Հ.Գ. Ամեն դեպքում, եթե տղամարդը դավաճանել է, ուրեմն ենթագիտակցորեն դա նրա մտքով անցել է: Ինչպես տեսնում եք, պատճառները տարբեր են: Բայց ավելի էական է, որ տղամարդը հասկանա ընտանիքի կարևորությունը: Չմտածված քայլով տղամարդը կարող է փլուզել տարիներով կառուցած ընտանիքը:

Ի վերջո, ո՞վ կամ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կինն ու երեխաները: