Իտալացի մոդելագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին հերթական անգամ ներկայացել է որպես զգեստների նկարիչ եւ հագուստ է ստեղծել ռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Սորենտինոյի նոր նախագծի համար: Ինչպես հաղորդել է Harper's Bazaar-ը, խոսքը վերաբերում է «Երիտասարդ Պապը» սերիալին, որը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:

 

Արմանին մի քանի զգեստներ է ստեղծել հերոսների «աշխարհիկ» հանդերձանքից: Սերիալը վարձույթ է դուրս գալու հոկտեմբերի 27-ին, դրանում գլխավոր դերը խաղացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն:

 

Giorgio Armani s.p.a.ընկերությունը հիմնվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկիչ Սերջո Գալեոտիի կողմից: Թողարկում է հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորների առարկաներ՝ Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa եւ այլ առեւտրանիշերի ներքո:

 

Նորաձեւության տունն սկսել է ֆիլմերի համար հագուստ ստեղծել 1980-ական թվականներին, առաջինը դարձել է «Ամերիկացի ժիգոլոն» ֆիլմը՝ գլխավոր դերում Ռիչարդ Գիրի մասնակցությամբ, ավելի ուշ Armani-ի հագուստ կարելի էր տեսնել «Անձեռնմխելիները», «Օուշենի տասներեք ընկերները», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունը» եւ «Գայլն Ուոլ Սթիթից» կինոժապավեններում: Որպես զգեստների նկարիչ Արմանիի վերջին գործերից մեկը դանիացի ռաժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Նեոնային դեւը» ֆիլմն է: