Հաշվի առնելով, որ սոցցանցում մշտապես լայն արձագանք է գտնում «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն իր ուրույն հայտարարություններով ու ձեռագրով' «Իրավունքը» որոշեց բացահայտել միավորման իրական դեմքը' ստանալով մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները հենց միավորման ղեկավար ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՆՈՔՅԱՆԻՑ:

- Տիկին Արշալույս, մեկ տարվա ընթացքում օնլայն հանրության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն, հետաքրքիր է' չե՞ք պատրաստվում գործել նաեւ օֆլայն տիրույթում:

- Գիտեք, մենք մեր գործունեությունը սկսել ենք շատ ավելի վաղուց։ Զորօրինակ, Մշակույթի նախարարության եւ Մաշտոց կենտրոնի հետ համատեղ ստեղծված «Հայու ոգին» տեսաշարը։ Վերջին 1-2 տարվա ընթացքում էլ իրականացրել ենք բազմաթիվ նախաձեռնություններ։ Մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտահղացած «100 բարձ ապրելու համար» ծրագրի շրջանակներում նախաձեռնել ենք «100 նուշ սիրելու համար», «Ապագայի 100 փոցխ» ծրագրերը եւ շատ այլ քայլեր, որոնք նպատակ են ունեցել խրախուսել ու աջակցել հայ մարդուն, հայու տեսակին։ Այս մասին պարբերաբար տեղեկացրել ենք հանրությանը մեր էջի միջոցով։ Այնպես որ, այնքան էլ ճիշտ չէ պնդել, թե օֆլայն տիրույթում չենք գործում։

- Գաղտնիք չէ, որ ՀԿ-ի անվանումը ժամանակ առ ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ի վերջո, ինչպե՞ս կարող է միավորումը ե՛ւ կույս լինել, ե՛ւ կին:

- Այս հարցը հաճախ են բարձրացնում։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ ֆիզիոլոգիական նրբությունները կարեւոր չեն։ Խոսքը հոգեւորն ընդգծելու եւ ներքին մաքրությունը շեշտելու տիրույթում պետք է նայել։ Այս ասպարեզում ակներեւ են անուրանալի ջանքեր։

- Ի դեպ, որպես հակակշիռ Ձեր միավորման ֆեյսբուքում ստեղծվել է «Կույս տղամարդկանց միավորում» ՀԿ: Այդուհանդերձ այս ամենին Դուք հումորո՞վ եք վերաբերում, թե Ձեր ամեն մի հայտարարությունից հետո սոցցանցում արձագանքների տեղատարափը նեղսրտելու առիթ է տալիս:

- Գիտեք, լինում են չարակամ եւ կոպիտ արձագանքներ, բայց մենք դրանց հանդարտ ենք վերաբերվում։ Ի վերջո, հենց դրանում է կայանում հայու էությունը։ Պետք է ներքին մաքրությունը շեշտի վեհորեն ընկալել ամենը։ Ձեր նշած ՀԿ-ից տեղյակ չենք։ Եթե այն լավ գործի համար է ստեղծված, ապա բարի երթ։ Հակառակ դեպքում դա կարելի է դիտարկել որպես ԿԿՄ-ն ստվերելու եւ արժեզրկելու փորձ, հայու տեսակի պահպանությանն ուղղված քայլ։

- Ձեր ՀԿ-ի խիստ քննադատությանն արժանացան ե՛ւ Իվետա Մուկուչյանն' իր եվրատեսիլյան հագուկապով, ե՛ւ ոստիկան Մագան' իր վարք ու բարքով: Իսկապե՞ս կարծում եք, որ «հայու ոգին» վտանգված է նման հայրենակիցներով:

- Պետք է հասկանալ, որ Իվետա Մուկուչյանի երգերը գնահատելի են։ Խնդիրը ներկայանալուն էր վերաբերվում, քանզի այն մի ողջ ազգի կերպար էր։ Մենք գտնում ենք, որ այն ինչ եղավ, հայու կերպին չի համապատասխանում եւ թյուր պատկեր է տալիս։ Ոստիկան աղջկա դեպքը մի քիչ այլ է։ Նման վարք ու բարքն առհասարակ չեն կարող ընդունելի լինել։ Շատ մտահոգիչ է, որ այն ներթափանցել է պետական ապարատ։ Սա եւս մեկ ապացույց է, որ հայու տեսակն այսօր վտանգված է։

- Դուք այն քչերից էիք, որ դրական արձագանքեցիք ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական այն առաջարկին, որ պետք է պետական բանկ ստեղծել՝ մեր հերոս տղաների սերմնաբջիջները պահելու եւ հետագայում նրանց սիրած աղջիկներին բեղմնավորելու համար։ Եվ նույնիսկ առաջարկեցիք որպես գաղափարի հեղինակ, որպես հայու իսկական զավակ եւ էթնոսի կրող, պարոն Պողոսյանը հենց ինքը լցնի բանկի առաջին սրվակը: Որեւէ արձագանք եղա՞վ պատգամավորից:

- Ցավոք, ոչ, որեւէ արձագանք չեղավ։ Կարծեք թե այդ գաղափարն էլ մոռացության մատնվեց։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի պարոն Պողոսյանին հղել քաջալերանքի ազդակներ, որպեսզի նա հետամուտ լինի ազգապահպան այս նախաձեռնությանը։

- «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարն առ այսօր հիշարժան է մնացել Ձեր շնորհիվ, քանի որ բոլորը շեշտում էին, որ Դուք միացել եք նրանց: Արդյո՞ք սա իրականություն է եւ, ըստ էության, կարելի՞ է եզրակացնել, որ առաջիկայում ՀԿ-ին կտեսնենք նաեւ հայոց քաղաքականության մեջ, որը վաղուց այլեւս կույս չէ:

- Անկեղծ ասած, անհասկանալի էր ստեղծված աղմուկն ու ԿԿՄ վրա կենտրոնացումը։ Այնտեղ կային բազմաթիվ այլ միություններ, սակայն թիրախ դարձավ հատկապես մեր միավորումը։ Չեմ ուզում միտում տեսնել այստեղ։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, ինչու ոչ մենք արդեն դրա մաս ենք՝ մեր իրականացրած ծրագրերով։ Բայց ակնհայտ է քաղաքական դաշտում վակումը հայու տեսակի պահպանման ջանքում։ Եթե այդ բացը չլրացվի, մենք ինքներս մեր ուժերի ներածի չափով մեր նպաստը կբերենք նաեւ այդ դաշտում։

- Եվ որպես ամփոփում' եւս մեկ հարց. երեւանյան ամառը ստիպել է, որ հայուհիներն ու հայորդիները բավական կարճ, բաց ու համարձակ հագնվեն, վստահ եմ, որ հետեւել եք դրան: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մարդիկ ազատ են։ Ազատությունն անբարո չէ։ Պետք է կրկնեմ, որ կարեւորում ենք հոգեւորը, եւ պետք չէ շփոթել համարձակ հագուստը ներքինի հետ։ Մարդիկ ի զորու են հագնել այն, ինչ ուզում են։ Այստեղ էականը վարքն է։

- Ընդունենք, թե չընդունենք ամենածանր պահերին Ձեր ՀԿ-ի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարություն դրականորեն լիցքաթափում է իրավիճակը: Ու այս առթիվ անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում:

- Ուրախ ենք, որ մեր նպաստը գնահատվում է, թեեւ կարծեք թե այլ բան կար հարցի խորքերում։ Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ