Արդեն պատրաստ է Հայաստանի ամենաանկեղծ երգչուհու' Հասմիկ Կարապետյանի “Որ կգամ” երգը: Երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքինը' Վարդան Զադոյանը: Այն սիրո, հավատքի, հույսերի, մարդկային ապրումների մասին է:
“Երգը գրել եմ մեր տանը: Այն շատ պատահական ծնվեց: Սա այն մեղեդիներից էր, որ միանգամից եկավ: Ամբողջ գիշեր ուղեղիս մեջ էին հնչյունները: Առավոտյան արթնացա ու զգացի, որ պետք է մոտենամ դաշնամուրին: Ես չէի սխալվում: Պահը հասունացել էր”,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Ինչ վերաբերում է երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման հնարավորությանը, Հասմիկը նշեց, որ ցանկանում է այն իրականացնել, քանի որ կարծում է՝ երգը տեսահոլովակի միջոցով էլ ավելի կհասնի մարդկանց հոգիներին:
“Որ կգամ” երգի երաժշտական պրոդյուսինգի և գործիքավորման առումով Հասմիկը համագործակցել է Արման Փահլևանյանի հետ, ով “Դորիանս” խմբի ստեղնահարն է: “Արմանի հետ ունենք այլ համագործակցություններ ևս”,- նշեց Հասմիկը:
Մոտենում է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի ընտրության օրը, և քանի որ Հասմիկ Կարապետյանը հանդես է եկել նաև մի քանի ռոքային կատարումներով, հետաքրքրվեցինք' արդյո՞ք երգչուհին չի պատրաստվում երգ ներկայացնել Գոռ Սուջյանի համար: “Շատ սիրել և սիրում եմ մեղեդային ռոքը: Եվ ասեմ, որ ճիշտ եք, հանդես եմ եկել մի քանի փոփ-ռոք ոճի երգերով, սակայն “Դորիանս” խումբն ինձ համար ռոքային շատ ավելի լուրջ մակարդակի վրա է կանգնած: Գուցե և ներկայացնեմ մի երգ: Այս պահին ոչ մի մտահղացում չունեմ: Շատ եմ սիրում նրանց և ի սրտե ուրախ եմ, որ հենց “Դորիանս” է Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու Հայաստանը,-ArmStar.am-ի հետ զրույցի վերջում նշեց երգչուհին: