Մայիսի 28-ին ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Հայ դաշնամուրային երաժշտության» նախագծի երկար սպասված թվով երկրորդ համերգը: Դաշնակահար Վարդան Օվսեփյանի այցը Հայաստան պայմանավորված է հենց այս համերգին մասնակցությամբ: 

 

Համերգը, որի առաջին մասը տեղի էր ունեցել դեռ երկու տարի առաջ՝ 2014-ի հունիսի 25-ին, մեծ արձագանքի էր արժանացել հանդիսատեսի կողմից:

 

Երեք դաշնակահարների՝ Արմեն Բաբախանյանի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի համատեղ վիրտուոզ կատարումները ցնցել էին ողջ դահլիճը: Անգամ եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով հոսանքազրկված համերգասրահում շարունակվեց երաժշտությունը, դաշնակահարները չդադարեցին նվագել, և համերգը մի պահ ընթացավ մթության մեջ' բջջային հեռախոսների խորհրդավոր լույսերի ներքո:

 

Մայիս 28-ին կայանալիք համերգին Արմեն Բաբախանյանի և Վահագն Հայրապետյանի հետ համատեղ ելույթ կունենա ամերիկահայ դաշնակահար Վարդան Օվսեփյանը:

 

Կարճ ժամանակահատվածում Վարդան Օվսեփյանի ստեղծագործական արվեստն ուշադրության է արժանացել Միացյալ Նահանգների այնպիսի անվանի երաժիշտների կողմից, ինչպիսիք են' Միք Գուդրիքը, Փիթեր Էրսկինը, Ջերի Բերգոնզին և այլք:

 

Ներկայումս Վարդան Օվսեփյանը հանդես է գալիս ոչ միայն համերգներով, այլ նաև դասավանդում է տարբեր երկրների կրթօջախներում' վարպետության դասեր տալով բազում ուսանողների:

 

Օվսեփյանի նախագծերից «Vardan Ovsepian Chamber Ensemble»-ը մեծ հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում:

 

«Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագիծը նպատակ ունի ամենամյա համերգներ կազմակերպել տարբեր անվանի դաշնակահարների մասնակցությամբ:

 

Համերգը, որին կհնչեն միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, կազմակերպել է TM Production ընկերությունը: