Արվեստի ուժը սեփական լեզվով խոսելն է: Արվեստագետը պետք է ի վիճակի լինի ստեղծել այդ հաղորդակցման յուր ձևը: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին ասաց ամերիկահայ նկարիչ Մինաս Հալաջյանը, ով երեկ «Նարեկացի» արվեստի միությունում հանդես եկավ իր վարպետաց դասով:
Հալաջյանը կիսվեց իր տարիների աշխատանքի ընթացքում հավաքած փորձով, խորհուրդ տվեց հնարավորինս ազատ մտածել և ստեղծագործել: Հանդիպման կեսից ներկաները, ովքեր ցանկություն հայտնեցին, տեղափոխվեցին ցուցասրահ, որտեղ կային մոլբերտներ և անհրաժեշտ պարագաներ՝ նկարելու և կոլաժներ ստանալու համար: Մինասը փորձեց օգնել և միանալ ստեղծագործական աշխատանքներին՝ բոլոր հարցերին պատասխանելով:
Մինաս Հալաջյանը նկարում է յուղաներկով՝ գրաֆիկաներ և կոլաժներ:
Նրա գրաֆիկական գծագրությունների շարքը, որը կոչվում է «Մագնիսական ծաղիկներ», տարբեր ոճերի, ազդեցությունների և տարրերի խառնուրդ է:
Նրա՝ ամերիկյան վերածննդի նկարները արտացոլում են ներգաղթյալների կյանքը:
Յուրաքանչյուր նկար, որն ունի դատարկ տարածք, արտահայտում է կարոտ, ինչ-որ վայրից հիշողություններ, պատմություններ, մշակույթ, կարոտի ուժգնություն և ոգու խզում:
Նրա նկարների մեծ մասն արվել են մասնավոր կոլեկցիոներների համար, ինչպես նաև դերասան Ջիմ Քերիի համար:
Մինաս Հալաջյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 5-ին Երևանում՝ արվեստագետ Սամուել Հալաջյանի ընտանիքում:
1992-1996թթ. սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, 1996-98 թթ.՝ Թերլեմեզյան գեղարվեստի քոլեջում, իսկ 1998-2002թթ. Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում:
Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների և ունեցել ութ անհատական ցուցահանդես:
«Ես դեռ հիշում եմ իմ առաջին հանդիպման կախարդանքը վրձնի սև մոլբերտիս հետ:
Ես ինձ համարում եմ բոլոր մարդկանցից ամենահաջողակը, քանի որ ինձ շնորհ է տրված, և ես ապրում և ստեղծագործում եմ արվեստի աստվածայնության գնահատմամբ»,- ասաց նկարիչը: