Ռուսաստանցի երգչուհի Անաստասիա Ստոցկայան, իր կողմից (որպես ժյուրի) Եվրատեսիլ երգի մրցույթի կատարումների գնահատման գաղտնիության սկզբունքի խախտման վերաբերյալ ՌԻԱ «Նովոստիին» տված մեկնաբանությունում նշել է, որ չի համարում Periscope-ով իր հեռարձակումը մրցույթի կանոնների խախտում:

 

«Մեզ ասել են, որ չի կարելի հրապարակել արդյունքները, ինչը ես չեմ արել: Ես նկարահանել եմ ինձ և տեղադրել եմ տեսանյութը բլոգում՝ առանց որևէ չարամտության՝ մրցույթի առավել հանրայնացման համար»,- նշել է Ստոցկայան: Երգչուհին նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և պետք է սպասել, թե ինչ կլինի, տեղեկացնում է lenta.ru-ն:

 

Periscope-ի տեսանյութում Ստոցկայան մեկնաբանել է Եվրատեսիլում Նիդերլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Հոլանդացի երգիչ Դաուէ Բոբայի ելույթը նա անվանել է «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին ասել է. «Ամուսինս հայ է, ես հայերի կողմից եմ»:

 

Periscope-ում Ստոցկայայի տեսանյութը հայտնվել է սոցցանցի օգտատերերի և արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները խոստացել են ստուգել՝ արդյոք տեսանյութը խախտում է կանոնները: