Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, 2001 թվականին ընդունվելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, դրել է իր մանկության երազանքն իրականացնելու հիմնաքարը: Այսօր արդեն դերասանուհին հասցրել է կերտել բազմաթիվ դերեր ինչպես թատրոնում, այնպես էլ նկարահանվում է ֆիլմերում եւ սերիալներում: BRAVO.am-ն նա պատմել է “Արմենիա TV”-ի նոր' “3 կյանք” հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի մասին եւ ոչ միայն:

Ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ համարում: Հնարավոր է' ամբողջ կյանք պահանջվի դրա համար: Չգիտեմ' կգա՞ մի օր, որ ինձ կհամարեմ պրոֆեսիոնալ:

“Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալի ավարտից հետո ստացա նոր սերիալում նկարահանվելու առաջարկ: Այն ընդունեցի մեկ պայմանով' նոր կերպարս պետք է էապես տարբեր լինի նախորդ կերպարներիցս:

Լիան, ի հակադրություն Գայանեի, իր տեսակով ավելի մոտ էր իմ կյանքային կերպարին: Լիան զոհ էր, իսկ Գայանեն առաջնորդվում է “Նպատակն արդարացնում է միջոցները” կարգախոսով:

Իմ խորին համոզմամբ, չար կամ բարի մարդիկ չեն լինում, ուստի դերասանը կերպարը կառուցելիս պիտի կարողանա նրան ճանաչել, իսկ պաշտպանելու համար' պատճառաբանել ու արդարացնել նրա յուրաքանչյուր արարքը:

Հակառակ իր ընդգծված չարության' իմ նոր կերպարը նաեւ նուրբ եւ թույլ է լինում: Նրա չարության առաջին պատճառն այն է, որ չի կարող մայրանալ: Գայանեն գուցե ավելի հաջողակ ու բարի լիներ, եթե իր ընտանիքում իրեն չթերագնահատեին: Փորձում եմ կառչել այդ երկու կեռիկից ու պաշտպանել նրան:

Գայանեն ինձ նման չէ եւ հենց դրանով էլ գրավում է ինձ:

Սերիալից դուրս երեք քույրերով համերաշխ ենք: Ես եւ Անի Պետրոսյանը 12 տարվա ընկերուհիներ ենք:

Սերիալում ոճային փոփոխությունը նպատակային է: Մեզ հետ աշխատում է ոճաբան, որին վստահված է մեր տեսքը:

Թատրոնում եւ սերիալային աշխատանքներից բացի, որոշ ժամանակ նաեւ ուղիղ եթերում վարել եմ “Բարի լույս, հայեր” հաղորդումը: Շատ բարդ էր, ես դրան պատրաստ չէի: Գուցե հետո էլ որպես հաղորդավար հանդես գամ, բայց ուղիղ եթերներից կխուսափեմ:

Անձնական կյանքում փոփոխություն չկա: Հուսով եմ' շուտով կլինի: Պարզապես պետք է ցանկություն եւ տրամադրվածություն, վիճակ, որին դեռ չեմ հասել:

Երբեք չեմ ընտրի դերասանի մասնագիտությամբ տղամարդու:

Դերասանուհի դառնալը մանկության ծածուկ երազանք է եղել, որը փորձում եմ լիարժեք իրականացնել: Ընտանիքս դեմ էր, բայց հիմա սիրում ու գնահատում է իմ մասնագիտությունը: Երբեմն տանջվում են, երբ էկրանին տեսնում են իմ տխուր ու թաց աչքերը: Ասում են'“Դու ապրումներ ես ունենում, իսկ մենք հանգիստ նստած ենք հեռուստացույցի առջեւ”:

Շատ երազանքներ ունեմ, բայց չեմ ասի, որ իրականանան… Գուցե սնահավատ եմ, չգիտեմ:

Շատ եմ ուզում, որ մարդիկ, ովքեր հաճախ քննադատում են սերիալները, այդ նույն հաճախականությամբ հետեւեն դերասանի աշխատանքին: Ուզում եմ, որ դժգոհելու հավերժական սինդրոմը օտար դառնա հայ մարդուն: