«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1-ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ:Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հայաստանյան մասնակիցը մարտական է տրամադրված:
« Եվրատեսիլ»-ը ևս մեկ հիանալի միջոց է, որ մեր ազգին հպարտանալու առիթ պարգևենք, որ 43-ից ավելի երկրներում 200 միլիոն հանդիսատեսի համար հնչի Հայաստան անունը: Արտիստի համար ամենակարևորը տրամադրվածությունն է, Իվետան իր կարիերան սկսել է մրցույթներից. այս առումով մենք հանգիստ ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Գոհար Գասպարյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում: «Բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի»,-շեշտեց նա`հավելելով, որ շուտով հասանելի կլինեն Մուկուչյանի մրցութային LoveWave երգի cover և remix տարբերակները: Ընդ որում` cover տարբերակն ստեղծելիս երգչուհին համագործակցել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ, և այն համեմված է էթնիկ, ջազային ռիթմերով և ազգային գործիքների հնչողությամբ:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանգիստ է, լարված չէ և շատ է գնահատում մարդկանց վերաբերմունքը:
«Բեմադրության հետ կախված փակագծերը չենք կարող բացել, ինձ հետ լինելու են հինգ բեք վոկալ երգչուհիներ: Ես ինձ ապահով եմ զգում, երբ նրանք ինձ հետ են: Մենք համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ, ով բավականին հետաքրքիր մտքեր ունի»,-շեշտեց նա:
Իվետա Մուկուչյանի խոսքով`ինքը ճամփորդել է Հայաստանով և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ, հուզմունք է առաջացնում: «Ես արդեն գիտեմ, թե իմ ընկերներին Հայաստանում ուր կտանեմ»,-ընդգծեց նա:
«Եվրատեսիլ-2016» մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը:
«Մրցույթը ևս մեկ առիթ է, որ մարդիկ իմանան, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Միայն հաջողություն եմ մաղթում, թող մեր հաղթանակների ամիս մայիսը ևս մեկ դրսևորում ունենա»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցությանտնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է: Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:
«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»: