Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 28-ին բացառիկ համերգով հանդես եկավ Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում: Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ: Սկսելով «Գաղթականներ»(Les Emigrants) երգից' Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը' «Պետք է գիտնալ»(Il faut savoir), «Իմ սերերն ոÖ ‚ գլխացավանքները»(Mes amours, mes emmerdes), «Ինչպես ասում են»(Comme ils disent), «Երիտասարդություն»(Sa jeunesse), «Դեռ երեկ»(Hier encore), «Մեռնել սիրուց»(Mourir d’aimer), «Նա»(She), «Մամա»(La mama), «Ավե Մարիա»(Ave Maria), «Այսուհետ»(Desormais), «Երկու կիթառ»(Deux guitares), «Բոհեմ»(La Bohème), եւ որոտընդոստ ու անվերջանալի ծափահարությունների ու ձայնակցությունների տակ ավարտեց երեկոն «Տարեք ինձ»(Emmenez-moi) երգով:

 

«Քանի դեռ խզված ձայնս տեղն է եւ միտքս աշխատում է, ես պիտի երգեմ», - ռումինացի հանդիսատեսին խոստովանեց 92-ամյա արտիստը, որը կարծես ճախրում էր բեմի վրա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանատնից, ռումինացի երկրպագուները, որոնք Ազնավուրին համարում են Էդիթ Պիաֆի կողքին միջազգային հռչակի ֆրանսիացի ամենահայտնի շանսոնյեն, վաղուց էին սպասում նրան: Համերգը պետք է տեղի ունենար դեռեւս փետրվարի 20-ին, «Ռոմէքսպոյի» վեց հազար տեղանոց սրահում, սակայն անվտանգության պատճառներով այն տեղափոխվեց ավելի ուշ Սալա Պալատուլուի:

 

Թեեւ կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին եւ բացառիկ համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռեւս կես դար առաջ' 1963-ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրեց Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն' ասելով, թե ինքն այն ժամանակ 14-ամյա պատանի էր: «Բավականին մեծացել եք»,- կատակեց Ազնավուրը:

 

2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ' այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով Ժան-Դանիել Վերհաեգի (Jean-Daniel Verhaeghe) «Հայր Գորիո» (Père Goriot) ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն: «Չգիտեմ ինչու էին այդքան երկար նկարահանում, բայց դա մի առիթ էր»,- ասում է Ազնավուրը: Ի դեպ, ռումինահայ «Արարատ» հրատարակչությունը այդ տարիներին լույս էր ընծայել Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս»(2002թ.) եւ Ռիշար Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի զավակի խոստովանությունները»(2003թ.) գրքերը' Սիլվիա Բուրդեայի եւ Մադլեն Կարակաշյանի ռումիներեն թարգմանություններով:

 

Հինգշաբթի երեկոյան Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլեւ շատերը հարեւան Մոլդովայից եւ Բուլղարիայից, որոնք համերգից հետո խռնվել էին ետնաբեմում' ողջունելու սիրված հայրենակցին:

 

Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երեւանից, կրտսեր որդու' Նիկոլայի ուղեկցությամբ, եւ մեկնեց Փարիզ համերգի հաջորդ օրն իսկ: