Ճանաչված երգչուհի, երգահան Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` օգտագործելով #PrayForArmenianSoldiers հեշթեգը:
«Ադրբեջանը և Ղարաբաղը պատերազմի մեջ են: Քաղաքացիական անձինք և երեխաներ են սպանվել: Մեդիա դաշտը չի խոսում սրա մասին, և շատերը անտարբեր են: Իմ սիրտը կոտրվում է' տեսնելով, որ պատմությունը կրկնվում է այսքան երկար ժամանակ: Խնդրում եմ, ընկերներ, տեղադրեք ձեր պատերին, որ մարդիկ իմանան: Կանգնեցրեք այդ բարբարոսությունն այնտեղ և ամենուր»,-նշել է նա:
Հելեն Սեգարան իր գրառմանը կցել է Հայաստանի դրոշը և հավելել, որ խավարը չի հաղթի լույսին: Նա նաև մտահոգություն է հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում:
Հելեն Սեգարան կիսով չափ հայ է, ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյանը՝ հայուհի: Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։