Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի կազմակերպիչները բանակցություններ են վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ` փորձելով փրկել համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է կազմակերպիչներից «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:

 

«Այժմ ես Մոսկվայում եմ և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»,-նշել է Զառա Մխեյանը:

 

Forpostart Production-ը լրացուցիչ բանակցություններ է վարում՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները:

 

Այդ մասին հայտնել էր ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը: Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները, որոնք պետք է ուղղվեին Ռամազոտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը:

 

Էրոս Ռամազոտիի համերգները Մոսկվայում պետք է կայանային ապրիլի 2-ին և 3-ին «Կրոկուս Սիթի Հոլլում», իսկ Երևանում՝ ապրիլի 26-ին: Համերգասրահի կայքում, ինչպես նաև արտիստի պաշտոնական կայքում համերգը չեղյալ հայտարարելու մասին այս պահին տեղեկատվություն չկա, և տոմսերը վաճառվում են: