ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի առթիվ յուրահատուկ անանկալ մատուցեց մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև պետության հասարակական-քաղաքական կյանքում իրենց կարևոր դերակատարությունն ունեցող բազմաթիվ կանանց: Առաջին տիկնոջ հրավերով հայ կանայք և աղջիկները մարտի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեցին ռուսական էստրադա յի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Նիկոլայ Բասկովի համերգին:


«Շատ երջանիկ եմ հայտնվել այստեղ` այս արտասովոր երկրում: Միշտ երազել եմ մենահամերգներով այստեղ գալ: Թե չէ` կամ հարսանիքների, կամ ծննդյան օրերի եմ գալիս: Բայց վերջապես երազանքս իրականություն դարձավ շնորհիվ Հայաստանի հիասքանչ, գեղեցիկ առաջին տիկնոջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգի մեկնարկին ողջունելով ներկաներին` նշեց Նիկոլայ Բասկովը:

 

«Ռուսաստանի ոսկե ձայնը», ինչպես կոչում են Բասկովին, վերհիշեց, որ Ռիտա Սարգսյանին հանդիպել է «Նոր ալիք» մրցույթի ժամանակ, և շատ է ուրախացել:

 

«Առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են տղամարդիկ կանգնած, իսկ կանայք` նստած: Տղամարդ արտիստի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել ձեր երջանիկ և հուզական աչքերը»,-նշեց ռուսական շոուբիզնեսի աստղը: Նա պատմեց, որ մի հայկական ընտանիքի հետ է բարեկամություն անում, որոնց հետ ծանոթացել է Բարսելոնում:

 

Ռուսական էստրադայի մեգաաստղը օպերային թատրոնի բեմից կատարեց իր հայտնի և սիրված ստեղծագործությունները: Նա կատակներով էր համեմում յուրաքանչյուր կատարում, իսկ ելույթների ընթացքում նրա հետ հանդես էր գալիս պարային շոուն:

 

Նիկոլայ Բասկովը տեղեկացրեց, որ հոկտեմբերին Կրեմլի պալատում մենահամերգներ է ունենալու, և պատրաստվում է նոր շոուի: «Մտածում եմ, որ անպայման Երևան կվերադառնամ մեծ համերգով»,-շեշտեց նա:

 

Բասկովը նաև հայերեն ստեղծագործություններ կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» և «Սիրո ամառ» երգերը: Նրա կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ: Երգիչը համերգի ավարտին ծաղիկներ բաժանեց երկրպագուներին:

 

«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի առթիվ, մաղթելով անսահման սեր և ջերմություն, հիշարժան և լուսավոր պահեր, ընտանեկան անդորր, մեծ եռանդ և հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում: Թող մեր սրտերում միշտ խաղաղություն տիրի, և ամեն օրն սկսվի դրական լիցքերով»,-նշել է Ռիտա Սարգսյանը համերգի հրավիրատոմսերում: