Այսօր` ժամը 19:00-ին, Youtube-ի իր պաշտոնական կայքէջում Լիլիթ Կարապետյանը երկրպագուների դատին է հանձնելու  իր նոր` «Քեզ հետ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս մասին Mediamall.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց երգչուհին:

 

 

Երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը` Ռիչարդ Մադլենյանինն է , իսկ գործիքավորմամբ զբաղվել է Duetro studio-ն: Երգչուհին նշեց, որ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կատարվել են Մոսկվայում:

 

 

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով ռուսական թիմ է զբաղվել, իսկ ռեժիսորն էլ Ալեքսեյ Ռուսակովն է: Հարցին, թե ինչու են հատկապես Մոսկվայում անցկացվել նկարահանման աշխատանքները, երգչուհին պատասխանեց, որ հատուկ միտում չկար, պարզապես Մոսկվայում բնակվող իր լավ ընկերոջ` պրոդյուսեր Տարոն Պողոսյանի խորհրդով որոշվեց, որ այս տեսահոլովակը այնտեղ նկարահանվի:

 

 

 

Թե այս անգամ  երգչուհին ինչ կերպարով է ներկայանալու  և արդյոք կտարբերվի նախորդ տեսահոլովակներում իր ունեցած  համարձակ ու սեքսուալ կերպարներից, նա ասաց. «Այս տեսահոլովակը շատ տարբերվող է լինելու իմ մյուս տեսահոլովակներից, քանի որ այս անգամ ներկայացնելու եմ մի սիրո պատմություն և ցույց եմ տալու, թե ինչ խենթ արարքների է ընդունակ աղջիկը, երբ սիրահարված է: Բացի այդ, ես միանգամից մի քանի կերպարներով եմ ներկայանալու»:  

 

Երգչուհուց փորձեցինք ճշտել նաև, թե առաջիկայում կլինե՞ն էլի տեսահոլովակներ`պատասխանեց, որ անպայման լինելու են և ամռանն արդեն կսկսվեն իր նոր տեսահոլովակի նկարահանումները: 

 

 

 

 

Նինել Սարգսյան