«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի Ղրիմից ծագումով թաթար երգչուհի 32-ամյա Սուսաննա Ջամալադինովան, որը հանդես է գալիս Ջամալա կեղծանունով:
Ջամալան ազգային ընտրական եզրափակիչում հաղթել է «1944» երգով, որը Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Երգչուհին այդ երգը հատուկ մրցույթի համար է գրել՝ իր նախատատի պատմածից տպավորված:
«Այդ սարսափելի տարին ընդմիշտ փոխեց նրբազգաց մի կնոջ՝ իմ նախատատ Նազիլ-խանի կյանքը: Դրանից հետո նրա կյանքն արդեն երբեք առաջվանը չեղավ»,-Ջամալայի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Եզրափակիչում երգչուհու մրցակիցների թվում էին հայտնի կոլեկտիվներ, ներառյալ SunSay-ը, Pur:Pur-ը և The Hardkiss-ը:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը տեղի կունենա մայիսին Ստոկհոլմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: