«Երեկ ինձ համար սովորական կիրակի էր, կուզենայի սիրահարված լինել»,- Mediamall.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծանում է երգչուհի Ջուսն ու պատմում իր անցկացրած Վալենտինի օրվա մասին, ինչպես նաև խոսում սպասվող սկանդալային տեսահոլովակի մասին:
-Պատրաստվում եք նոր՝ «No Fashion» տեսահոլովակի նկարահանումներին: Կպատմեք՝ ե՞րբ են սկսվելու նկարահանումները, ո՞վ է ռեժիսորը, և ե՞րբ այն կհանձնեք Ձեր երկրպագուների դատին:
-Տեսահոլովակի նկարահանումներն այս կամ մյուս շաբաթվա վերջին կսկսվեն: Տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները երկար են տևելու, քանի որ այն հագեցած է լինելու հատուկ էֆեկտներով: Այդ ամենով, ինչպես նաև տեսահոլովակի կերպարների ոճային հարցերով զբաղվելու է ռեժիսոր Տիգրան Արյանը: Երեկ մենք արդեն քասթինգի երկրորդ փուլն ենք անցկացրել և երկու օրվա ընթացքում կընտրենք տեսահոլովակի կերպարներին: Իսկ պրեմիերան կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:
-Այս տեսահոլովակը Ձեր նախորդ աշխատանքներից ինչո՞վ կտարբերվի: Վերջերս խոսել եք այն մասին, որ այդ տեսահոլովակը բացառիկ է լինելու Հայաստանում: Եվ, եթե այդպես է, ինչո՞վ է պայմանավորված դրա բացառիկ լինելը:
-Այն նոր ոճի մեջ է լինելու: Տեսահոլովակի սյուժեն հումորային է: Բոլորը կզարմանան, քանի որ այսպիսի տեսահոլովակ Հայաստանում դեռևս չի եղել:
-Երգի հեղինակն ո՞վ է, և ինչու՞ որոշվեց հենց այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
-Երգի հեղինակները Գուժն ու Անինան են: Գուժի հետ ես հաճախ եմ համագործակցում: Երգը սկանդալային է, և մենք այս տեսահոլովակի միջոցով ծաղրելու ենք մեծ սիլիկոնե կուրծքը, արհեստական փքեցված շուրթերը, և առհասարակ այն ամենը, ինչն այսօր նորաձև է համարվում:
-Արդյոք Ձեր տեսահոլովակում որևէ կերպարի մարմնավորո՞ւմ եք:
-Տեսահոլովակում մարմնավորելու եմ Դեզդիզի անունով մի հումորային կերպարի, ով չափից դուրս դիմահարդարված Fashion լեդի է և կարծում է, թե ինքն ամենա-ամենան է:
-Առաջիկա ծրագրերի մասի՞ ն...
-Բացի այս տեսահոլովակից, որը, կարծում եմ, կլինի շատ յուրահատուկ և սկանդալային, բայց առանց ավելորդությունների և չափի մեջ, կլինի ևս մի շատ շոկային երգ, որի հիման վրա նույնպես տեսահոլովակ կնկարահանենք արդեն ամռանը, իսկ պատրաստ կլինի սեպտեմբերին: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց, իրոք, «No fashion» և երկրորդ տեսահոլովակները կլինեն գժական:
-Եվ վերջում. քանի որ երեկ սիրո տոնն էր, ինչպե՞ս անցկացրիք այն և արդյոք նշանակալի՞ց էր այն Ձեզ համար:
-Երեկ ինձ համար ուղղակի կիրակի էր, կոլեգաներիս հետ եմ անցկացրել և ելույթներ եմ ունեցել: Շատ կուզենայի, որ այդ օրը ես էլ սիրահարված լինեի, բայց դեռ չեմ հանդիպել այդ միակին:
Նինել Սարգսյան