Դերասան Կարեն Հովհաննիսյանը արդեն տևական ժամանակ է, ինչ նկարահանվում է հեռուստատեսային նովելներում: Հեռուստադիտողն արդեն հասցրել է ճանաչել և սիրել դերասանին, ով քաջածանոթ է հանրությանը «Բանակում» սերիալից: Այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմում, որտեղ մարմնավորում է վաշտի հրամանատար կապիտան Սահակյանի կերպարը, նա դերասանական կարիերան համատեղում է նաև միջոցառումների ընթացքում հանդիսավարի աշխատանքի հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Կարենը պատմեց իր հետագա անելիքների մասին, քանի որ նա չի ուզում հեռանալ թատրոնից, իսկ թատրոնում միայն աշխատելով` դերասանը պարզապես ապրել չի կարող, որոշել է հիմնել սեփականը: Կարենը նկատում է, որ Հայաստանում դեռևս չկա պոեզիայի թատրոն, նա էլ կփորձի առաջինը լինել և լրացնել այդ բացը:
«Ես և բանաստեղծ Դավիթ Ավետիսյանը 2008 թվականից հիմնեցինք «Սոմա» պոեզիայի թատրոնը, հետո այնպես ստացվեց, որ Հայաստանից գնացի և թատրոնով չզբաղվեցինք, հիմա մտածում եմ առաջիկայում ոտքի կանգնեցնել և հագեցնել նոր գաղափարներով»:
Դերասանը սկզբում թատրոնի ծախսերը կհոգա սեփական միջոցներով, բայց հույսը մեծ է, որ ամեն ինչ կընկնի հունի մեջ, և կունենա հովանավորներ:
«Ամեն ինչ փորձում եմ անել, որպեսզի թատրոնից չկտրվեմ: Նախկինում պոեզիան ներկայացնում էինք անհատապես, հիմա մի փոքր ուզում եմ ֆորմատը փոխել և այն լինի խաղարկային, դրված լինի միզանսցեն, ամեն մի ասելիքի հետ գործողություն լինի: Պոեզիայի աշխարհում հիմա այդ բացը կա, որովհետև հիմա միայն անհատական են մարդիկ աշխատում»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Արձագանքելով Կարենի առաջ բերած այն մտքին, որ հիմա Հայաստանում անհատապես են մարդիկ զբաղվում պոեզիայի ներկայացմամբ և հատկապես ակտիվ աշխատանքով աչքի է ընկնում ասմունքող Լիանա Զուրաբյանը` Կարենը կարճ պատասխան տվեց. «Լսե'ք, դա խայտառակություն է, դա ասմունք չէ»:
Դերասանից հետաքրքվեցինք նաև իր անձնականում տիրող իրավիճակից: Վերջին շրջանում նա պատկանում էր ցանկալի փեսացուների շարքին, հետաքրքվեցինք արդյոք դեռևս ոչ մի գեղեցկուհու չի՞ հաջողվել գրավել նրա սիրտը, Կարենն ասաց, որ դեռևս մենակ է և չունի ընտրած հարսնացու: