Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի վերջին ալբոմը՝ Blackstar-ը, որը թողարկվել Է նրա մահվանից երկու օր առաջ, մեծ պահանջարկ Է վայելում երաժշտասերների շրջանում եւ կարող Է ամենավաճառվողը դառնալ երաժիշտի ողջ կարիերայի ընթացքում:
Ըստ մասնագետների գնահատումների՝ հունվարի 8-ից մինչեւ 14-ը ԱՄՆ-ում կվաճառվի 130 հազարից ավելի սկավառակ՝ նոր ալբոմի ձայնագրությամբ, ինչի արդյունքում Blackstar-ը կզբաղեցնի Billboard 200 հեղինակավոր հիթ-շքերթի՝ Billboard հանդեսի վարկածով շաբաթվա ընթացքում ամենավաճառվող երաժշտական ալբոմների ցուցակի, վերին հորիզոնականները:
Դեռ ավելին, չի բացառվում, որ Բոուիի երաժշտական կոմպոզիցիաների վերջին՝ 27-րդ հավաքածուն, կարող Է Billboard 200 հիթ-շքերթի առաջին դիրքից հետ մղել բրիտանացի երգչուհի Ադելի «25» աղմուկ հանած ալբոմը, որն արդեն յոթ շաբաթ անընդմեջ զբաղեցնում Է ցուցակի վերին հորիզոնականը:
Իր կարիերայի ընթացքում Դեւիդ Բոուին վաճառել Է ավելի քան 136 մլն սկավառակ եւ մտել Մեծ Բրիտանիայի փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ արտիստների տասնյակը: Նա արժանացել Է բազմաթիվ երաժշտական պարգեւների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի: 2004 թվականին Rolling Stone հանդեսը «բոլոր ժամանակների ռոք երաժշտության 100 մեծագույն կատարողների» վարկանիշում նրան դրել Է 39-րդ տեղը եւ 23-րդ տեղը՝ «բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների» վարկանիշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: