Այսօր հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ներկա գտնվելու հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra ռոք խմբի համերգին: Համերգը տեղի կունենա ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

 

Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել է Մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, «Մեցցո Պրոդաքշնի» և «Ալմազյան Պրոդաքշնի» աջակցությամբ:

 

Համերգից առաջ տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին ներկա էին միջոցառման կազմակերպիչները և հենց ինքը՝ Կուստուրիցան: Զարմանալի չէր, որ ռեժիսորը հայ ազգի հանդեպ լցված էր մեծ ջերմությամբ և կարեկցանքով, քանի որ հայերն ու սերբերը շատ նման պատմություն ունեն և անցել են նույն դաժան, փորձություններով լի ողբերգական ուղին:

 

«Ես ուրախ եմ՝ տեսնելով, որ դուք՝ հայերդ, միասնական եք: Մեր սեփական պատմության մեջ, սակայն, ամեն ինչ այլ կերպ է դրսևորվել: Մի ազգ, որը պարբերաբար գրոհների և ցեղասպանությունների է ենթարկվել, միասնական հանդես չի գալիս և նույնիսկ հակառակ գործընթացն է նկատվում, այսինքն՝ զոհի կարգավիճակից մեզ փորձում են ներկայացնել, որպես հանցավոր, մեղավոր: Հայաստան այցելելուց ես ոչ միայն վայելում եմ ձեր երկիրը, այն նաև բավականություն եմ ստանում ձեր անցած ճանապարհից»,- ասաց ռեժիսորը:

 

Նա պատմեց նաև, որ երբ եղել է Թուրքիայում, նրա վրա հարձակումներ են կատարել սերբերի ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:

 

«Իմ պատասխանն այն էր, որ դուք չէ, որ պետք է ցեղասպանության մասին մտահոգություն հայտնեք, որովհետև 1.200.000 հայի դուք ինքներդ եք կոտորել: Եվ երբ ես մեկնեցի երկրից, նրանք մի շվեյցարացի կինոռեժիսորի, ով ինձ նմանություն ուներ, ծեծի ենթարկեցին: Այսինքն՝ եթե ֆիլմ եք նկարում, Կուստուրիցային նման պետք է չլինեք»,- կատակեց կինոռեժիսորը:

 

Կուստուրիցան խոսեց նաև արվեստի, մշակույթի և կրոնի մասին:

 

«Իմ ընտանիքն իր պատմության ընթացքում մասամբ բերվել է իսլամին, մասամբ մնացել է ուղղափառ: Բայց իմ ընտանիքում պրակտիկորեն ոչ ոք իսլամը չի դավանել: Եվ ես ինքս ոչ թե դարձի եմ եկել, այն պարզապես կնքվել եմ: Բացի այդ, ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի մշակույթն այսօր հիմնված է ուղղափառության վրա: Այն ամենն ինչ մենք ունենք՝ երաժշտություն, կինո, արվեստ, խարսխված է քրիստոնեական հավատքի վրա: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից: Ինչպես Բորխեսն է ասել՝ 21-րդ դարի ամբողջ արվեստը ձգտում է երաժշտության»,- ասաց նա՝ հավելելով, որ քրիստոնյաներն այսօր ոչնչացման եզրին են, ինչի վառ ապացույց է Եվրոպայում տիրող ներկայիս իրավիճակը:

 

Կուստուրիցան պատասխանեց նաև, թե ինչ նվեր է սպասում Ձմեռ պապիկից:

 

«Իհարկե, «Կոկա-կոլա» չեմ ակնկալում: Ձմեռ պապիկից այս տարի ես ուզում եմ մի գերբնական ուժ, որը հետ կպահի աշխարհը պատերազմից»,- ասաց կինոռեժիսորը:

 

Էմիր Կուստուրիցային լրագրողները հիշեցրին, որ իր՝ Հայաստան առաջին այցի ժամանակ՝ 2010 թվականին, նա խոստացել է ֆիլմ նկարել հայերի ցեղասպանության մասին:

 

«Ֆիլմերի վերաբերյալ խոստումներ հեշտ եմ տալիս, սակայն դա այդքան ել հեշտ չէ»,- նշեց ռեժիսորը:

 

Ընթացիկ ծրագրերի մասին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ռեժիսորը նկարահանվում իր իսկ ֆիլմում, Կուստուրիցան կատակեց. «Գումար խնայելու նպատակով»: