Գայանե Ասլամազյան, «Ասլամազյան» պատկերասրահի տնօրեն
-Հարգելի՛ Գայանե, մենք Ձեզ տեսնում ենք սերիալներում' որպես դերասանուհի, հաղորդումներում' հաղորդավարուհի, սակայն այսօր Դուք ներկայանում եք նոր ասպարեզում: Պատկերասրահ ունենալու գաղափարը վաղու՞ց էր Ձեզ հետապնդում:
-Ես մասնագիտությամբ արվեստաբան եմ, ծնվել եմ արվեստագետի ընտանիքում: Մայրս' Կարինե Ասլամազյանը, երաժիշտ է, երկրորդ մասնագիտությամբ' նկարչուհի:
Թեև կյանքն ինձ հեռու է տարել արվեստի այս ճյուղից, բայց իմ մասնագիտությունը ես շատ եմ սիրում: Մինչև պատկերասրահի ստեղծումը, ես շատ էի նեղվում, որ չեմ զբաղվում իմ սիրած գործով, սակայն այսօր ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հիմնել արվեստի մի փոքրիկ օջախ: Պատկերասրահի ստեղծման գաղափարը ավելի իրատեսական դարձավ նաև այն ժամանակ, երբ մայրիկս ցուցահանդեսներ ունեցավ ԱՄՆ-ում, Ռուսաստանի թանգարաններից մեկում' արժանանալով բարձր գնահատականի:
Այսպիսով' 2011թ. սեպտեմբերի 2-ին բացվեց ՙԱսլամազյան՚ պատկերասրահը, որտեղ առայժմ ներկայացված են միայն մայրիկիս նկարները:
-Այլ նկարիչների կտավներ նույնպե՞ս ներկայացվելու են:
-Այո՛, իհարկե: Մենք այժմ պայմանավորվածություններ ձեռք բերելու փուլում ենք, այսինքն' փորձում ենք համագործակցության եզրեր գտնել հայտնի, տաղանդավոր նկարիչների հետ և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից: Շուտով պատկերասրահը կհամալրվի նոր նկարներով:
-Ո՞ր թեմաներն են հիմնականում գերիշխում Ձեր մայրիկի արվեստում:
-Մայրիկս առաջին հերթին դիմանկարիչ է, նրա ստեղծագործություններում գերիշխում են պատմամշակութային, առասպելական, միստիկական, տիեզերական թեմաները: Նրա նկարներում յուրաքանչյուր պատկեր ներկայացվում է' որպես տիեզերական անսահմանության մի մասնիկ:
Երբ նա մասնակցում էր Սվետոսլավ Ռերիխի 100-ամյակին նվիրված ՙԲարձր մշակույթի երկիր՚ կոչվող ցուցահանդեսին Հայաստանի նկարիչների միությունում, ներկայացրեցինք Հայաստանի պատմա-մշակութային արժեքները' կրոնը, էպոսը պատկերող նկարները:
Եթե փորձեմ թվարկել թեմաները, ապա դրանք հետևյալն են' ՙԺամանակից վեր՚, որը ներկայացնում է մշակութային արժեքների մնայունությունը, ոչ անցողիկ լինելը: ՙՂարաբաղ՚ շարքը (ՙՂարաբաղցի կին՚, ՙԾիրանենի՚, ՙԱղջիկը Շուշիից՚, ՙԱրևային տղան՚), որը նա նկարեց Ղարաբաղ ուղևորությունից ոգեշնչված վերադառնալուց հետո: ՙՀայաստան՚ շարքը, որում անդրադարձել է Հայաստանի պատմական տարբեր դարաշրջաններին:
Մայրս նաև շատ հետաքրքիր նկարներ ունի, որտեղ անդրադարձ է կատարել մեր դիցաբանությանը և էպոսին:
-Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր մայրիկի արվեստը:
-Նրա արվեստը հասկանալու համար պարզապես պետք է տեսնել նրա աշխատանքները, քանի որ նրա նկարները կարծես խոսում են քեզ հետ, դրանց մեջ հոգի կա, բնավորություն, խառնվածք: Նա ունի ամուր ձեռք և հստակ վրձնի հարված: Մայրիկս իր նկարներում մարդու ներքինն է արտացոլում արտաքինի միջոցով, ինչը չափազանց դժվար է և ոչ բոլոր նկարիչներին է հաջողվում:
-Գայանե՛, հետաքրքիր միտում կա մեզանում' աղջիկներն իրենց մայրիկների արվեստն են ներկայացնում,ամեն ինչով աջակցում նրանց: Ինչո՞վ դա կբացատրեք:
-Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել, ինձ թվում է' դա ուղղակի մարդու խառնվածքից է կախված: Կարծում եմ' և՛ տղաները, և՛ աղջիկները անչափ սիրում են իրենց մայրերին և պատրաստ են նրանց օգնել ամեն ինչում:
Իմ դեպքում' ես մայրիկիցս և տղայիցս հարզատ ոչ մեկը չունեմ Հայաստանում: Մեր բոլոր հարազատներն ապրում են տարբեր երկրներում, միայն մենք ենք մնացել այստեղ: Ես այն մարդկանցից եմ, ովքեր գնահատում են իրենց արմատները ու համարում են, որ մարդը պետք է իմանա, թե ինչ ծագում ունի: Կարծում եմ' հետագայում իմ տղան կհպարտանա իր տատիկով և մայրիկով, ում հաջողվել է ստեղծել մնայուն արժեքներ, բարձրացնել կարևոր հարցեր:
-Այսօր քաղաքական էլիտայի շրջանում ընդունված է նկարներ նվիրել միմյանց: Դուք այդ խավին տեսնո՞ւմ եք որպես պոտենցիալ հաճախորդ:
-Այո՛, իհարկե: Բայց պետք է նշեմ, որ Հայաստանում արվեստ- քաղաքականություն հարաբերությունները դեռևս ձևավորման փուլում են: Ես կարծում եմ, որ ամենաչկրկնվող նվերը նկարն է, որը եզակի է և տարիների ընթացքում ոչ միայն չի կորցնում իր արժեքը, այլ հակառակը:
-Գայանե՛, պատկերասրահը Ձեզ համար բիզնե՞ս նախագիծ է, թե՞ հոգևոր ներդաշնակություն պարգևողաշխարհ:
-Սա ներքին ներդաշնակություն պարգևող բիզնես նախագիծ է: Եթե ես կարողանամ ճիշտ կառավարել այն, ապա մենք մեծ հաջողությունների կհասնենք: Պարզապես մեր երկրում շատ բարդ է այս ոլորտում գործունեություն ծավալել. երևի թե նկատել եք, թե քանի պատկերասրահ է բացվել, բայց չկարողանալով գոյատևել' փակվել են:
-Դուք չե՞ք նկարում:
-Ո՛չ, թեև ասում են' ձեռքս լավն է: Անհրաժեշտության դեպքում կարողանում եմ հստակ պատկերել այն, ինչ ուզում եմ: Բայց որպես նկարիչ հանդես գալ' չեմ փորձել, տանը երկու նկարիչ կա, բավարար է: Տղաս էլ է նկարում:
-Նրա նկարները նույնպե՞ս ներկայացվելու են պատկերասրահում:
-Մենք ունենք ծրագիր նաև երեխաների նկարների համար: Ուզում ենք տաղանդավոր երեխաներին օգնել և ներկայացնել նրանց աշխատանքները նույնպես, այդ թվում' նաև տղայիս: Ես աջակցել եմ արվեստի կենտրոնին, որի շրջանավարտներից 5-ը, որպես մասնագիտություն, ընտրեցին գեղանկարը, ու այժմ սովորում են արվեստի դպրոցում: Դա ես համարում եմ մեծ հաջողություն այդ կենտրոնի համար, քանզի կարողացանք երեխաներին փոխանցել սեր դեպի արվեստը:
-Գայանե՛, Ձեր ստեղծագործական կյանքը բազմաժանր է: Ամեն դեպքում, ո՞ր ուղղության մեջ եք տեսնում Ձեր ապագան:
-Ես ուզում եմ իմ ուժերը ներդնել պատկերասրահի աշխատանքներում, որովհետև այստեղ եմ տեսնում իմ ապագան: Գուցե նաև վերադառնամ վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, այդ ասպարեզում հաջողություններ ունեմ: Հաղորդավարուհու աշխատանքն ինձ համար նույնպես շատ գրավիչ է, իսկ դերասանական գործունեությունը, որը շատ եմ սիրում, պարզապես ինձնից շատ ժամանակ և էներգիա է խլում: Եթե ես դասակարգեմ, ապա ինձ համար կյանքում առաջին տեղում է ընտանիքս, հետո պատկերասրահը, ֆիլմերի ստեղծումը, հաղորդավարությունը, հետո նոր դերասանուհու կարիերան:
Հարցազրույցը ըստ «Դե ֆակտո» ամսագրի