Ամերիկյան հայտնի Keeping Up With Kardashians իրապատումի աստղ Քիմ Քարդաշյանի և աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի նորածին որդին կմկրտվի Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Israel National News-ը՝ նշելով, որ Սեինթ Ուեսթը կլինի ընտանիքի երկրորդ զավակը, որ կմկրտվի Երուսաղեմի հայկական եկեղեցում, քանի որ 2015 թվականի ապրիլին հենց այդտեղ մկրտվել էր նրանց դուստրը՝ Նորթը:

 

Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ Սեինթ Ուեսթը, ով 25 տոկոսով հայ է, ծնվել էր դեկտեմբերի սկզբին, ինչից հետո լոնդոնյան Daily Mail-ը, հենվելով անանուն աղբյուրի վրա, տեղեկացրեց, որ զույգը պատրաստվում է հայկական եկեղեցում մկրտել երեխային:

 

Հաղորդվում է, որ Քիմն ու Քանյեն մտադրվել էին համար ամրագրել Երուսաղեմի Waldorf Astoria հյուրանոցում, սակայն երբ այդ մասին հայտնի է դարձել հանրությանը, նրանք հյուրանոցը փոխել են: Իսրայելական անվտանգությունն ապահովող ընկերություններից մեկը, որը մասնագիտացած է VIP անձանց սպասարկելու ոլորտում, արդեն վարձվել է հայտնի զույգի համար:

 

Լուսանկարը' Reuters