Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը վստահ է' թատրոնում փոխելու շատ բան կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստը:

 

«Այսքան ժամանակ թատրոնում աշխատանք չի տարվել: Շատ բաներ կան, որոնք պետք է ուղղել: Դրա համար էլ մտածեցի, որ պետք է սկսել աշխատել: Մեծ ծրագրեր ունեմ. այս հունվարից սկսում ենք երեք զուգահեռ բեմադրությունների վրա աշխատել: Թատրոնի ընդհանուր աշխատանքում շատ թերացումներ կային»,-շեշտեց Գեղամ Գրիգորյանը:

 

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: «Արմենպրես»-ը Գեղամ Գրիգորյանից հետաքրքրվեց' ի՞նչն էր նրա' գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելու պատճառը:

 

«Առաջինը'երկար ժամանակ բեմադրություններ չեն արվել: Մի բեմադրությունն էր' «Կարմեն»-ը, ես եկա դեռ պատրաստ չէր: Հետաձգեցինք, պարապեցինք, մինչև հիմա նոր մարդիկ ենք նշանակում, որ երգեն: Շատ բաներ կայինք: Նվագախմբում դիրիժորներ էին հանվել, աշխատանքը չէր գնում այն կերպ, ինչպես պետք էր»,-նշեց նա:

 

Դիտարկմանը, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե թատրոնի գլխավոր դիրիժոր է դառնալու ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց. «Ես ի՞նչ գործ ունեմ բամբասանքների հետ: Ես միշտ իմ բառերին պատասխան են տալիս: Այնքա~ն խոսեն: Ո՞ր մեկին պատասխանեմ: Ոչ, ես տարբեր դիրիժորներ պետք է փորձեմ: 1-2 տարի չի լինելու գլխավոր դիրիժոր, որովհետև գլխավոր դիրիժորը խանգարելու է, նախանձելու է: Կոլեկտիվը սկսում է բաժանվել: Պետք է կանխել նման բաները»,-հավելեց նա:

 

Դիտարկմանը' արդյոք այլ երկրների թատրոններում կիրառելի՞ պրակտիկա է չունենալ գլխավոր դիրիժոր, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց, թե մի քանի թատրոններ ու նվագախմբեր գիտի, որոնք գլխավոր դիրիժոր չունեն:

 

«Ես մի բան գիտեմ'այլ երկրներում ընդունված չէ հինգ տարվա ընթացքում մի ներկայացում երգել և միշտ աշխատավարձ ստանալ: Մենք չպետք է նայենք' որտեղ ինչ կա»,-հավելեց նա:

 

«Արմենպրես»-ի հարցին'հնարավո՞ր է թատրոնն առաջիկայում գլխավոր բալետմեյստեր էլ չունենա, թատրոնի գեղարվեստական ղեկավար պատասխանեց. «Եթե վատ լինի' այո, բայց այսօր ունենք: Ամեն ինչ աշխատանքից է գալիս: Գլխավոր բալետմեյստերի հարց չի բարձրացվել, միտք էլ չունենք: Աշխատանքը ցույց կտա»,-շեշտեց նա:

 

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Գեղամ Գրիգորյանը նշեց, որ 2016 թվականին հանդիսատեսին մանկական օպերա կներկայացնեն, Պուչինիի «Տոսկան», Բելինիի «Նորման» և այլ գործեր:

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

 

Օպերային թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյանը, Հարություն Արզումանյանը, Ռուբեն Ասատրյանը: Հրավիրյալ դիրիժոր է իտալացի Ջանլուկա Մարչիանոն: Առաջիկայում թատրոնն այլ դիրիժորներ կունենա: