Ջեննիֆեր Էնիսթոն.“Ես բացարձակապես չեմ հասկանում համակարգիչներից…ահա, թե որն է իմ հաջողության գաղտնիքը”:
1969 թ-ի փետրվարի 11-ին ծնվել է “Ընկերները” հեռուստասերիալի աստղը' ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Էնիսթոնը (Ջեննիֆեր Ջոան Էնիսթոն): Նույն հեռուստասերիալում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար Էնիսթոնն արժանացել է “Էմմիի” և “Ոսկե Գլոբուսի”: 2012 թ-ի փետրվարի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվեց նաև դերասանուհու անունով աստղը:
Ներկայացնում ենք Էնիսթոնի վերաբերյալ մի քանի հեաքրքիր փաստ, որոնք քչերին են հայտնի:
Բացի լավ դերասանուհի լինելուց, Ջեննիֆերը նաև շատ լավ նկարչուհի է: 11 տարեկան հասակում նրա նկարներից մեկը հայտնվել է Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում:
Պարզվում է' կատակերգական ֆիլմերի աստղն իր հումորով առանձնացել է նաև դպրոցում: Ջեննիֆերին դասարանցիներն անվանում էին “դպրոցի ծաղրածու”:
Մինչ դերասանուհի դառնալը, Ջեննիֆերն աշխատել է նաև որպես սպասուհի և վաճառողուհի: Այս կերպարներով նա հաճախ հանդես է եկել նաև ֆիլմերում:
Չնայած Էնիսթոնը տարվա ընթացքում շատ հաճախ է ստիպված լինում ճամփորդել, սակայն դերասանուհին խոստովանել է, որ վախենում է թռիչքներից:
Ջեննիֆերն ու նրա մայրը երկար տարիներ միմյանց հետ չէին շփվում: Էնիսթոնին վիրավորել էր այն, որ մայրը հաճախ էր մամուլում բացասական հարցազրույցներ տալիս իր վերաբերյալ: Նա նույնիսկ մորը չէր հրավիրել իր և Բրեդ Փիթի հարսանիքին, որը տեղի է ունեցել 2000 թ-ին: Եվ միայն 2005 թ-ին մայրն ու դուստրը որոշեցին հաշտվել և ամեն ինչ թողել անցյալում:
Ջեննիֆերն ու Բրեդ Փիթը միմյանց հանդիպել են 1998 թ-ին, որից հետո էլ սկսվել է նրանց սիրավեպը:
Մայրական կողմից Ջեննիֆերն ունի ազնվական արմատներ: Նա Շոտլանդիայի Ստյուարտների դինաստիայից է:
Ջեննիֆերն առաջին անգամ նկարահանվել է սարսափ ֆիլմում (“Leprechaun”): Դրանից հետո Էնիսթոնը նույնիսկ որոշել է թողնել դերասանական կարիերան:
2011 թ-ից Ջեննիֆերը հանդիպում է դերասան Ջասթին Թերիի հետ: