Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 150-րդ թատերաշրջանում ներկայացնում է արդեն երկրորդ առաջնախաղը՝ Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման 1 գործողությամբ:
Բեմում աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի կյանքի մանրամասներին դեռ ոչ մի թատերախումբ չի անդրադարձել, ավելին՝ Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում ծնված Ոստանիկ Ադոյանի մասին շատերին հայտի դարձավ միայն վերջին տարիներին՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի շնորհիվ: Նրա անհատականությունը դեռ շատերի համար բացահայտված չէ, թեև վերջինիս ստեղծագործությունները, որպես ժամանակակից արվեստի «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմ»-ի առաջին շիվեր, արժանացել են համաշխարհային հռչակի:
Ռեժիսորի նպատակը հենց հայի ճակատագիրն ունեցող Արշիլ Գորկու կյանքի, նրա հոգեկան աշխարհի ու դժբախտության ներկայացումն է: «Չեմ մտածել այն մասին, որ թեման ծանր է և կարող է «երկար կյանք» չունենալ. մեր նպատակը հասարակությանն Արշիլ Գորկի անհատին ներկայացնել է՝ մի մարդու, ով համարվելով 20-րդ դարի ամերիկյան լավագույն նկարիչներից մեկը և ամերիկյան ժամանակակից նկարչության հիմնադիրներից, դեռ անհայտ է հայ իրականության մեջ: Ներկայացումը նվիրված է Եղեռնի հետևանքները կրող հայ մարդուն: Մենք շեշտը դրել ենք այն բանի վրա, թե ինչ հետևանք թողեց Ե ղեռնը հայ մարդու վրա, մի մարդու, ով երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում՝ չհաշտվեց իրականության հետ՝ ցանկացած գնով իրեն պահելով արմետներին ամուր կապված՝ հայրենիք վերադառնալու միակ ելքը գտնելով ինքնասպանության մեջ: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ այս մեծ արվեստագետի ու օտար ափերում դեգերող մեծ հայի մասին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հայի ճակատագիրը ներկայացնող չափազանց հուզիչ թեման, ժամանակին համահունչ հագուստներն ու բեմական ձևավորումը, բեմադրական լուծումներն ու ամենակարևորը՝ դերասանների արհեստավարժ խաղը, հանդիսատեսին ողջ ներկայացման ընթացքում ոչ միայն հուզեցին, այլ նաև խորհելու ու ազգային արժեքները գնահատելու առիթ տվեցին: Հատկապես տպավորիչ է գլխավոր դերակատարի՝ Տիգրան Գաբոյանի խաղն ու հոգեվիճակի ճիշտ ներկայացումը, որը մի պահ նույնիսկ մոռացնել է տալիս իրականության ու ոչ իրականի սահմանի մասին:
Հոկտեմբերի 10-ին' առաջնախաղի ժամանակ, խստապահանջ գյումրեցի հանդիսատեսի լուռ ծափողջունները բեմադրության հաջողված լինելու մասին էին խոսում, բեմադրություն, որը դեռ երկար պետք է մնա Գյումրու դրամատիկականի բեմում, հոգեդրամա, որն արժե ու պետք է դիտեն բոլորը:
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին է, նկարչական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանինը, գլխավոր դերակատարը Տիգրան Գաբոյանն է: Աճեմյանցիները այս ներկայացումը նվիրում են Ցեղասպանությնա 100-րդ տարելիցին:
Արմենուհի Մխոյան