Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հովանու ներքո փարիզյան «Ֆոլի-Բերժեր» հայտնի սրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, հոկտեմբերի 12-ին անցկացվե լիք միջոցառումը կրում է «Դու' իմ եղբայր» («Toi mon frère») խորագիրը: Իրադարձությանը կմասնակցեն լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, դաշնակահար, երգիչ Ժիլբեր Մոնտանյը, շանսոնյե Էնրիկո Մասիասը, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և այլք:

 

Միջոցառման պաշտոնական կայքը' toimonfrere.com-ը, ներկայացնելով համերգը, մեջբերում է Հիտլերի'1939 թվականի ասածը'«Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը»:

 

«Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հիտլերը պատրաստում էր ցեղասպանություն իրագործել մեկ այլ ժողովրդի' հրեաների նկատմամբ: 1915 թվականի սարսափը կրկնվեց և տեղի ունեցավ աշխարհի այլ ծայրերում' այլ ժողովուրդների հետ: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց արտիստներ, ովքեր ունեն կամ չունեն ֆրանսիական, հրեական, հայկական ծագում, հավաքվել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը և Հոլոքոստը: Նրանք երգելու են ի հիշատակ ցեղասպանությունների բոլոր զոհերի»,-նշված է միջոցառման կայքում:

 

toimonfrere.com-ը հավելում է, որ ֆրանսիացի արտիստները կոչ կանեն չմոռանալ դեպքերը և թույլ չտալ, որ մեկ այլ ցեղասպանություն պատահի: