Հայաստանում DJ-ների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: DJ Relax-ը (Վլադիմիր Արսենյան) փաստում է' մեր երկրում DJ-ների ստեղծած երաժշտության մեծ պահանջարկ կա:

 

«Հայաստանում նման երաժշտությունը շատ ուժեղ պահանջարկ ունի, ուղղակի մենք ունենք մենթալիտետի հետ կապված խնդիր: Օրինակ բերեմ. մի միջոցառում է կազմակերպվում, մոտ 250 հոգի պարում է, մի քանիսը նստած են, մեկ էլ ինչ-որ մեկը կգա DJ-ի մոտ ու կասի' «Доля воровская» երգը կդնե՞ս: Հայաստանում պակասում է լավ լսարանը, բայց մյուս կողմից'DJ-ների նկատմամբ հետաքրքրություն կա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց DJ Relax-ը:

 

Վլադիմիր Արսենյանը երկար ժամանակ ցանկացել է DJ դառնալ: «Ուղղակի սկսելու շանս չեմ ունեցել: Ընկերներիս շնորհիվ այդ շանսը ստացա: Տեխնիկա գնելը ֆինանսների հետ էր կապված, երբ տեխնիկան գնեցի, կարողացա մտնել շուկա»,-անկեղծանում է նա:

 

Մինչ DJ դառնալը Վլադիմիր Արսենյանը նկարել է: «Ոչ մի տեղ չեմ սովորել, ուղղակի սկսել եմ նկարել, 2012 թվականին ունեցել եմ նաև ցուցահանդես. ներկայացրել էի 85 գործ: Արդեն երեք տարի չեմ նկարում, սերը տվել եմ երաժշտությանը»,-պատմում է DJ Relax-ը:

 

Սոչիում մեկ տարուց ավելի նվագած DJ-ը վերջերս «դիջեյական» հարսանիք է ունեցել: Ըստ ավանդույթի' փեսացուն գնում է հարսի տուն և այնտեղից հետո նրանք ուղևորվում են եկեղեցի: DJ Relax-ն ավանդույթը փոքր-ինչ խախտել էր:

 

«Հարսը գեղեցկության սրահում մազերն էր հարդարում: Մանկական գնացքով գնացի, հարսին գողացա սրահից, միասին եկեղեցում մոմ վառեցինք, հետո էլ Օպերա ակումբում գժանոց երեկույթ ունեցանք: Նվագել եմ 3 ստեղծագործություն, հետո DJ Grig-ն է նվագել, իմ ընկերներն են երգել: Շատ լավ ու հետաքրքիր անցավ»,-նշեց նա:

 

Վլադիմիր Արսենյանը վստահ է' մեր երկրում կամաց-կամաց զարգանում է ակումբային կյանքը: DJ-ն այժմ տարբեր միջոցառումների է մասնակցում' փորձելով տարածել և սեր արթնացնել դիջեյական երաժշտության նկատմամբ: